Իրանցի զինվորականները սպառնացել են հզոր պատասխան տալ Մերձավոր Արևելքի ԱՄՆ–ի օբյեկտներին

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը սպառնացել էր ոչնչացնել երկրի կամուրջներն ու էլեկտրակայանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Իրանը Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան օբյեկտներին առավել հզոր հարվածներ կհասցնի, եթե Վաշինգտոնը թիրախավորի իրանական ենթակառուցվածքները։ Այս մասին հայտարարել է «Խաթամ ալ Անբիա» կենտրոնական ռազմական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Զոլֆաղարին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի նոր իշխանություններից անհապաղ գործողություններ էր պահանջել՝ սպառնալով կործանել երկրի կամուրջներն ու էլեկտրակայանները։
«Մենք կրկին զգուշացնում ենք, որ եթե այդ սպառնալիքներն իրականացվեն, Իրանի զինված ուժերը կհարվածեն ավելի նշանակալի և լայնածավալ թիրախների՝ կապված ԱՄՆ-ի և Իսրայելի հետ դաշնակից երկրներում իրականացված ներդրումների հետ՝ հասցնելով ավելի կործանարար և հզոր հարվածներ», – հայտարարել է Զոլֆաղարին։
Նա նշել է, որ տարածաշրջանի երկրները պետք է ստիպեն ամերիկացիներին հեռանալ իրենց տարածքից, եթե ցանկանում են խուսափել վնասներից։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: