Չինաստանում տեղի է ունեցել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական օգտագործման հնարավորություն ունեցող «Changying-8» ծանր բազմաֆունկցիոնալ դրոնի առաջին թռիչքը: Այս մասին հայտնում է «South China Morning Post» գործակալությունը։
Դրոնը մշակել է «China North Industries Group Corporation Limited» (Norinco) պաշտպանական կոնցեռնը և, լրատվամիջոցի գնահատմամբ, աշխարհի ամենածանր բազմաֆունկցիոնալ բեռնատար անօդաչուն է:
Դրոնն ունակ է թռչել և վայրէջք կատարել 500 մետրից փոքր թռիչքուղիներում, ինչպես նաև աշխատել բնակլիմայական բարդ պայմաններում՝ բարձրլեռնային շրջաններում և կղզիներում:
«Changying-8»-ն ունի 3,5 տոննա զանգված, ընդ որում այն կարող է տեղափոխել նույն քաշի բեռ: Սարքի երկարությունը հասնում է 17, իսկ թևի բացվածքը՝ 25 մետրի։ Դրոնը ունի 18 խմ ծավալով փակ բեռնախցիկ՝ առջևի և հետևի դռներով, ինչը թույլ է տալիս արագացնել բեռնումն ու բեռնաթափումը:
Դրոնը կարող է կատարել ավելի քան 3 հազար կմ երկարության թռիչք, ինչի շնորհիվ այն հարմար է հեռահար լոգիստիկ գործողությունների համար։
Մշակող ընկերությունն ընդգծում է, որ դրոնը կարող է կիրառվել կրկնակի նշանակությամբ՝ քաղաքացիական և հնարավոր ռազմական օգտագործման համար։
Միևնույն ժամանակ, ինչպես նշում է «South China Morning Post»-ը, չինական «Air White Whale» մասնավոր ընկերությունն աշխատում է էլ ավելի ծանր բեռնատար անօդաչու սարք ստեղծելու ուղղությամբ: