Արցախի դրոշը «Փառքի անկյունից» չհեռացնելու համար դպրոցի տնօրենն ազատման դիմում է գրել

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Արցախի դրոշը դպրոցի «Փառքի անկյունից» չհեռացնելու համար օրերս աշխատանքից ազատման դիմում է գրել Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանը, գրում է «Հրապարակը»։
«Սկզբում Արմավիրի փոխմարզպետն է որպես սուրհանդակ գնացել, սակայն չի կարողացել ճնշել Կարինե Սմբատյանին և ձեռնունայն հեռացել է։ Ապա անձամբ մարզպետ Վահրամ Խաչատրյանն է դպրոց այցելել ու տնօրենին հորդորել՝ կա՛մ հեռացնում է, կա՛մ ինքն է հեռանում»,-գրել է պարբերականը։
Սմբատյանը երկրորդ ճանապարհն է ընտրել, երեկ նա գրառում է արել ֆեյսբուքյան էջում.
«Պաշտոնը ժամանակավոր է, հայրենիքը՝ հավերժ։ Իմ հեռացումը կամ պաշտոնից զրկվելը փոքրագույն գինն է այն ամենի դիմաց, ինչին ես հավատում եմ և ինչին ծառայում եմ։ Ես չեմ կարող լռել, երբ հարվածի տակ են դրվում մեր սաների հոգևոր ու հայրենասիրական արժեքները: Այն դրոշը, որն այսօր դարձել է քննարկման առարկա, պարզապես խորհրդանիշ չէ. այն մեր աշակերտների համար կենդանի հիշողություն է, սրբություն և պատգամ՝ գրված մերօրյա հերոսների ձեռքով: ․․․Պարոն մարզպետ, Դուք կարող եք հեռացնել ինձ պաշտոնից, բայց չեք կարող հեռացնել հայրենասիրությունն իմ սրտից»: