ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ պաշտպանության նախարարության մոտ։ Նրանք պահանջում են, որ եթե օրենք է ընդունվել, ապա այն պետք է բոլորի համար գործի։
Այս տարվա հունվարի 1-ից պարտադիր զինվորական ծառայության ժամկետը նախկին երկու տարվա փոխարեն մեկուկես տարի է դարձել, սակայն այն չի տարածվում ավելի վաղ զորակոչվածների վրա։
«Սա անարդարացի բան է։ Բա ինչի՞ համար իմ երեխեն 2 տարի ծառայի, թող ինքն էլ 1,5 տարի ծառայեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ծնողներից մեկը։
Այն զինծառայողների ծնողները, որոնց որդիները զորակոչվել են նախորդ տարի, պահանջում են, որ իրենց երեխաներն էլ 1,5 տարի ծառայեն։
«Իմ որդին արդեն ծառայում է 8 ամիս։ Մեր բողոքն այն է, որ եթե օրենք է ընդունվել, այն բոլորի համար պետք է լինի։ Ինձ թվում է՝ բոլոր երեխաների համար սա հոգեբանական սթրես է, իրենք գիտեն օրենքի մասին։ Եթե 2 տարի, ուրեմն՝ բոլորի համար, եթե 1,5 տարի՝ ուրեմն էլի բոլորի համար։ Շատ ենք ուզում, որ մեկ օր շուտ մեր որդիները մեր կողքին լինեն»,- ասաց մայրերից մեկը, ում որդին բանակ է զորակոչվել 2025թ․։
Ծնողները նաև դիմումներ են ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, սակայն առայժմ պատասխան չունեն։