ԱԴԾ-ն կանխել է Մոսկվայում բարձրաստիճան իրավապահի դեմ ՈւԱԾ-ի ահաբեկչությունը

Օպերատիվ խմբի հայտնաբերած էլեկտրական սկուտերի բեռնախցիկում եղել է հզոր ինքնաշեն պայթուցիկ սարք։
Sputnik
Ռուսաստանի ԱԴԾ-ն կանխել է Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈւԱԾ) կողմից Մոսկվայում իրավապահ համակարգի բարձրաստիճան ղեկավարներից մեկի նկատմամբ ծրագրված ահաբեկչությունը: Այս մասին հայտնում է գերատեսչությունը։
«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության կողմից Մոսկվա քաղաքում կանխվել է աղմկահարույց ահաբեկչական գործողություն, որը ՈւԱԾ-ն ծրագրել էր իրավապահ համակարգի բարձրաստիճան ղեկավարներից մեկի նկատմամբ», - ասված է հաղորդագրության մեջ:
Իրավապահները հայտնաբերել են բիզնես կենտրոնի մուտքի մոտ կայանված էլեկտրական սկուտեր, որի բեռնախցիկում առկա հզոր ինքնաշեն պայթուցիկ սարքը քողարկված էր կենցաղային լիցքավորման կայանի տեսքով:
«ՈւԱԾ-ն ծրագրել էր սարքը պայթեցնել հեռակառավարմամբ՝ թիրախավորած օբյեկտի՝ նշված բիզնես կենտրոն այցելության ժամանակ՝ նրան նույնականացնելով կազմակերպված տեսադիտարկման միջոցով, ինչը քաղաքացիական բնակչության շրջանում կարող էր հանգեցնել մեծ թվով զոհերի», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դեպքի վայրում ԱԴԾ-ի մասնագետները հայտնաբերել են 1,5 կգ պլաստիկ պայթուցիկից բաղկացած սարք, որը լցոնված է հեղույսների և պտուտակների տեսքով խոցող տարրերով: Սարքը կառավարվում էր «խելացի տուն» համակարգի WiFi-ռելեի և 4G-մոդեմի միջոցով։