ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնից ազատել է ԱՄՆ գլխավոր դատախազ և արդարադատության նախարար Փեմ Բոնդիին։ Այս մասին նա գրել է սոցիալական ցանցում։
Նրա խոսքով՝ Բոնդին «Ամերիկայի մեծ հայրենասեր է և հավատարիմ ընկեր», որը վերջին մեկ տարվա ընթացքում բարեխղճորեն ծառայել է որպես գլխավոր դատախազ։
Թրամփը նշել է, որ Բոնդին հսկայական աշխատանք է կատարել՝ ղեկավարելով ամբողջ երկրում հանցավորության դեմ պայքարի մասշտաբային արշավը, ինչի արդյունքում սպանությունների թիվը նվազել է՝ հասնելով 1900 թվականից ի վեր ամենացածր մակարդակին։
«Նա խիստ անհրաժեշտ և կարևոր նոր պաշտոնի է անցնում մասնավոր հատվածում, որի մասին կհայտարարվի մոտ ապագայում, իսկ մեր գլխավոր դատախազի տեղակալը՝ շատ տաղանդավոր և հարգված իրավաբան Թոդ Բլանշը, կստանձնի գլխավոր դատախազի պաշտոնակատարի պարտականությունները»,-գրել է ԱՄՆ նախագահը։
The New York Times-ի տեղեկություններով՝ պատճառներից մեկը Թրամփի հիասթափությունն է այն բանից, թե ինչպես է արդարադատության նախարարությունը Բոնդիի ղեկավարությամբ վարում Ջեֆրի Էփշտեյնի գործը։ Ինչպես գրում է թերթը, նրան մեղադրում են քննչական նյութերի հետ ոչ պատշաճ վարվելու մեջ։
Սա Թրամփի վարչակազմում նախարարի երկրորդ հրաժարականն է նրա երկրորդ ժամկետի ընթացքում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը այլ աշխատանքի էր փոխադրել ներքին անվտանգության նախարարության նախկին ղեկավար Քրիստի Նոեմին։