Տաքսիստները 2027 թվականից կներառվեն առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում

ՀՀ առողջապահության նախարարը տեղեկացրեց, որ անհատ ձեռնարկատերերի համար ապահովագրական վճարների մուծման ժամկետը ապրիլի 20–ից երկարաձգվել է հուլիսի 20–ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Հայաստանում էլեկտրոնային հարթակով տաքսի ծառայություններ իրականացնող վարորդները 2027 թ. հունվարի 1–ից կներառվեն առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում` դառնալով շահառու։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ արդեն իսկ ապահովագրական համակարգում ներառված անձինք 2027 թ. հունվարի 1–ից կկարողանան իրենց հետ փոխկապակցված անձանց ևս ընդգրկել համակարգի մեջ։
Նա տեղեկացրեց նաև, որ անհատ ձեռնարկատերերի համար ապահովագրական վճարների մուծման ժամկետը ապրիլի 20–ից երկարաձգվել է հուլիսի 20–ը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարեց, որ չի եղել որևէ բարեփոխում, որն այսքան արագ ու այսքան ծավալով ունենա արձագանք։
«Ստացել ենք մի վիճակ, երբ առողջական խնդիր ունեցող մարդու մահճակալի կողքին հարազատի կարգավիճակով նստած է իր պետությունը` Հայաստանի Հանրապետությունը»,– ասաց նա։
Օրենսդրական այս փոփոխությունները ներկայացվեցին Ազգային ժողովի քննարկմանը։
Հիշեցնենք` օնլայն տաքսի ծառայությունների վարորդները փետրվարի 18-ին բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով բարելավել իրենց աշխատանքային պայմանները։ Նրանք բողոքում էին յուրաքանչյուր պատվերից իրենցից գանձվող բարձր տոկոսադրույքներից։ Բացի այդ, պահանջում էին գրանցել իրենց որպես աշխատող, քանի որ իրենք ո՛չ առողջության համընդհանուր ապահովագրությունից են կարողանում օգտվել, ո՛չ էլ բանկերն են իրենց վարկեր տրամադրում։ Վարորդները նաև ստորագրահավաք էին կազմակերպել, որին շուրջ 500 տաքսու վարորդ էր միացել։