ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտնել է Թեհրանում Պաստյորի ինստիտուտի վրա ամերիկա-իսրայելական հարձակման մասին:
«Սրտաճմլիկ է, դաժան, ստոր և շատ վրդովվեցուցիչ. ամերիկա-իսրայելական ագրեսորները հարձակում են գործել Իրանի Պաստյորի ինստիտուտի վրա, որը ամենահին և ամենահեղինակավոր հետազոտական ու հանրային առողջության կենտրոնն է Իրանում և ամբողջ Մերձավոր Արևելքում», – գրել է Բաղային «X» սոցիալական ցանցում:
Իրանի Պաստյորի ինստիտուտին ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքները
© Photo : press office of MFA of IRI
Նա նշել է, որ կենտրոնը հիմնադրվել է 1920 թվականին Փարիզի Պաստյորի ինստիտուտի և Իրանի կառավարության միջև կնքված համաձայնագրի հիման վրա:
«Սա ուղղակի հերթական պատերազմական հանցագործություն չէ, որը կատարվել է անօրինական պատերազմի շրջանակներում, այլ մարդկային հիմնական արժեքների նկատմամբ բարբարոսական ոտնձգություն», – նշել է դիվանագետը՝ մեկնաբանելով հարձակումը։
Իրանի գիտության նախարար Հոսեյն Սիմայի Սարաֆին ավելի վաղ հայտարարել էր, որ պատերազմի սկսվելուց ի վեր ԱՄՆ–ն և Իսրայելը հարձակվել են երկրի ավելի քան 20 համալսարանների վրա:
Թիրախավորված հարվածների են ենթարկվել առաջատար գիտահետազոտական կենտրոններ և ուսանողական հանրակացարաններ, ինչը քաղաքացիական և կրթական օբյեկտների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտում է: Մասնավորապես, հարձակման է ենթարկվել Թեհրանի գիտության և տեխնոլոգիաների հնագույն համալսարանը։
Իրանի Պաստյորի ինստիտուտին ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքները
© Photo : press office of MFA of IRI
Իրանի Պաստյորի ինստիտուտին ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքները
Ավելի վաղ Բաղային հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական հանցագործություններ են կատարում Իրանի նկատմամբ: Մինաբի դպրոցի և Լամերդի մարզադաշտի վրա հարձակումը հարյուրավոր պատերազմական հանցագործություններից միայն երկու դրվագներ են:
ԱԳՆ ներկայացուցիչը, ի պատասխան ամերիկյան ԶԼՄ–ների` Ֆարս նահանգի Լամերդի մարզադաշտի վրա հարձակման և 21 դեռահաս մարզիկների սպանության ժամանակ ԱՄՆ-ի կողմից նոր հրթիռի կիրառման մասին հաղորդագրությունների, «X» ցանցում գրել է. «Սրանք Իրանի դեմ անօրինական, դաժան և անմարդկային պատերազմում եզակի դեպքեր չեն»։
Նա նաև հայտնել է, որ պատերազմի 33 օրվա ընթացքում ագրեսորները հարվածներ են հասցրել ավելի քան 600 դպրոցների և ուսումնական կենտրոնների:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: