Պայթյուն Արմավիրի մարզում գտնվող հրաձգարանում. կա 1 զոհ, մեկ տուժած

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Այսօր՝ ապրիլի 2-ին, պայթյուն է տեղի ունեցել Արմավիրի մարզում՝ Բաղրամյան խոշորացված համայնքում, ժողովրդին հայտնի ՀՀ պաշտպանության նախարարության «պալիգոններում»։ Կա 1 զոհ, 1 վիրավոր։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Կայքի տեղեկություններով` պայթյունի հետևանքով 29–ամյա զինվորականը մահացել է, իսկ 39-ամյա մեկ այլ զինվորական մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել զինվորական հոսպիտալ։
«Այս պահին «պալիգոններ» են ժամանել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայողները»,–գրում է կայքը։
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Պարզվում են մահացածի, վիրավորի ինքնությունը և դեպքի հանգամանքները։