«Մեր ձևով ազգային արժեքների պահպանության» ՀԿ–ի ներկայացուցիչ է ձերբակալվել

Քննչական կոմիտեն հայտնում է, որ նախաքննությունը շարունակվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. «Մեր ձևով ազգային արժեքների պահպանության» ՀԿ-ի` Դիլիջան համայնքի գրասենյակի ղեկավարը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«Քննության ընթացքում պարզվել է, որ «Մեր ձևով ազգային արժեքների պահպանության» հասարակական կազմակերպության` Դիլիջանի գրասենյակի ղեկավար Լ.Վ–ն փորձել է ֆինանսապես շահագրգռել Հովք բնակավայրի նախկին ղեկավարին՝ տարբեր միջոցառումներին մասնակցելու նպատակով։ Ըստ նյութերի՝ Հովքի նախկին վարչական ղեկավար Գ.Գ.-ն 2026 թվականի հունվարին սոցիալական ցանցի միջոցով կապ է հաստատել կազմակերպության հետ և գրանցվել որպես ծրագրերի մասնագետ։ Դրանից հետո նրան ուղղորդել են հանդիպել Դիլիջանի գրասենյակի ղեկավար Լ.Վ.-ի հետ»,– ասված է հաղորդագրությունում։

Քննիչների տվյալներով՝ հանդիպման ընթացքում Գ.Գ.-ին հայտնել են, որ նա ընդունված է աշխատանքի, սակայն իրականում որևէ գործառույթ չի իրականացնելու, փոխարենը պետք է մասնակցի Ս.Կ.-ի (գործարար և բարերար Սամվել Կարապետյան. խմբ) դատական նիստերին և տարբեր ակցիաների։
Ըստ ՔԿ–ի` այդ մասնակցության դիմաց Գ.Գ.-ի բանկային հաշվին գումար է փոխանցվել, փետրվարի 11-ին՝ 204 հազար դրամ, իսկ մարտի 10-ին՝ 300 հազար դրամ։
Լ.Վ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել է ՔՕ 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը): Ապրիլի 2-ին նա ձերբակալվել է։
Քննության ընթացքում խուզարկություններ են իրականացվել գրասենյակում և նրա բնակարանում։ ՔԿ–ի հաղորդագրության համաձայն` հայտնաբերվել են նաև 2018 թվականի ընտրություններին վերաբերող գրառումներ, որտեղ նշված են եղել քաղաքացիների անձնական տվյալներ և քաղաքական պատկանելության վերաբերյալ տեղեկություններ։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննությունը շարունակվում է։
Մեծամորում «Մեր ձևով» ՀԿ–ի հետ առնչվող 5 անձ է ձերբակալվել. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե