Իրանը հարվածներ է հասցրել ԱՄՆ–ի հետ առնչվող մերձավորարևելյան օբյեկտներին. ԻՀՊԿ

Կորպուսը հայտնել է «Ճշմարիտ խոստում 4» գործողության 90-րդ ալիքի իրականացման մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Իրանի զինվորականները Մերձավոր Արևելքում հարվածներ են հասցրել պողպատի և ալյումինի արդյունաբերության օբյեկտներին, որոնք կապված են ԱՄՆ–ի հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
Ավելի վաղ Իրանում հայտնել էին իրանական «Khouzestan Steel» և «Mobarakeh Steel» մետաղագործական օբյեկտների ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների մասին:
««Ճշմարիտ խոստում 4» գործողության 90-րդ ալիքի շրջանակում, որպես վրեժի ակտ, իրականացվել է տարածաշրջանում ամերիկյան պողպատի և ալյումինի արդյունաբերության վրա հարձակում», - հայտնել է ԻՀՊԿ-ն:
Պահապանների կորպուսը հաստատել է, որ գրոհել է ԱՄԷ-ի Աբու Դաբիի պողպատաձուլական և Բահրեյնում ալյումինի արդյունաբերության ձեռնարկությունները, ինչպես նաև Բահրեյնի մայրաքաղաքից ոչ հեռու ամերիկյան ուժերի տեղակայման վայրը:
ԻՀՊԿ-ն պնդում է, որ անօդաչուների և հրթիռների հարվածների հետևանքով զոհվել կամ վիրավորվել են տասնյակ ամերիկացի զինվորականներ:
«Սա ընդամենը նախազգուշացում էր, իրանական արդյունաբերության վրա հարձակումների կրկնության դեպքում Իսրայելի առանցքային ենթակառուցվածքի և ամերիկյան տնտեսության հետ կապված արդյունաբերության դեմ մեր հաջորդ պատասխանը զգալիորեն ավելի ցավոտ կլինի», - հավելել է ԻՀՊԿ-ն։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: