ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Իրանում ԱՄՆ–ի և Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) երեք աշխատակից։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Իրանում Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի պատվիրակության ղեկավար Մարիա Մարտինեսին։
«Մարիա Մարտինեսը հայտնել է, որ գործակալության երեք աշխատակից է զոհվել ծառայողական պարտականությունները կատարելիս, որոնցից մեկը՝ մարտի 31-ին Զանջան նահանգում գտնվող բժշկական կլինիկայի վրա իրականացված ավիահարվածի հետևանքով», — նշվում է հաղորդագրությունում։
Մարտինեսը հավելել է, որ այս պահին արտակարգ իրավիճակների համար նախատեսված պաշարների պակաս չկա, սակայն իրավիճակը կարող է վատթարանալ, եթե ռազմական հակամարտությունը շարունակվի։ Բժշկական հաստատությունների նկատմամբ հարվածների կապակցությամբ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը դիմել է համապատասխան միջազգային կառույցներին։
«Ես կոչ եմ անում Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, Կարմիր խաչին, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությանը և աշխարհի բոլոր բժիշկներին արձագանքել այս բացահայտ հանցագործությանը մարդկության դեմ», – ասված է Իրանի նախագահի գրառման մեջ։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: