ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Իրանի նախագահն Ադրբեջանի նախագահին շնորհակալություն է հայտնել Իրանին հումանիտար օգնություն տրամադրելու համար։
Ալիևը նշել է, որ մոտ ժամանակում Իրան կուղարկվի հումանիտար օգնության հերթական խմբաքանակը։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերն ընդգծել են տարածաշրջանում խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: