ՀՀ–ԵՄ մերձեցման մասին խոսակցությունը ՌԴ–ի հետ առևտրին 5.1 մլրդ դոլար է արժեցել. Օվերչուկ

ՌԴ փոխվարչապետը նշել է` հայաստանյան բիզնեսի ներկայացուցիչները պետք է սթափ գնահատեն ԵՄ-ին ապրանքներ վաճառելու հեռանկարները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Եվրամիության հետ Երևանի մերձեցման մասին խոսակցությունների պատճառով Ռուսաստանն ու Հայաստանը անցյալ տարի փոխադարձ ապրանքաշրջանառության մեջ 5.1 մլրդ դոլար են կորցրել։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Մոսկվան հանգիստ է վերաբերվում ՀՀ–ԵՄ հարաբերություններին։ Միևնույն ժամանակ ՌԴ առաջնորդը բացահայտ ասել էր, որ Երևանի անդամակցությունը միաժամանակ և՛ ԵՄ-ին, և՛ ԵԱՏՄ–ին անհնար է։ Փաշինյանն իր հերթին նշել էր` Երևանը գիտի, որ ԵԱՏՄ անդամակցությունը անհամատեղելի է ԵՄ անդամակցության հետ, սակայն այդ գործընթացները դեռ այն կետին չեն հասել, երբ պետք է ընտրություն կատարել։
«2024 թվականի սեպտեմբերին մենք հայ գործընկերների ուշադրությունը հրավիրել էինք այն փաստին, որ ԵՄ–ին միանալու նրանց ձգտման մասին խոսակցությունները բացասաբար են անդրադառնում Հայաստանի հետ առևտրի նկատմամբ ռուսաստանյան գործարարների վերաբերմունքի վրա: ԵՄ-ի հետ մերձենալու մասին այդ խոսակցությունները միայն ռուս-հայկական հարաբերություններին 5.1 մլրդ դոլար են արժեցել», – ասել է Օվերչուկը։
Փոխվարչապետը կոնկրետ թվեր է ներկայացրել՝ նշելով, որ 2024 թվականի արդյունքներով Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխադարձ առևտրի ծավալը 11.5 մլրդ դոլար է կազմել, մինչդեռ անցյալ տարի, նախնական տվյալներով, կրճատվել է մոտ 6.4 մլրդ դոլարով։
«Իսկ ի՞նչ եք կարծում` ինչպես ռուսաստանյան ձեռնարկատերերը կարձագանքեն Ռուսաստանում հայկական բիզնեսի ներկայությանը, եթե ռուսական բիզնեսը դուրս մղվի Հայաստանից: Եվ ի՞նչ կլինի հետո: Կարծում եմ՝ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ռուսաստանը չեն ցանկանում իմանալ այս հարցի պատասխանը, թեև այն ակնհայտ է», – ասել է Օվերչուկը։
Նրա խոսքով` Հայաստանի բիզնեսի ներկայացուցիչները պետք է սթափ գնահատեն ԵՄ-ում ապրանքներ վաճառելու հեռանկարները։
«Համոզված եմ, որ հայկական բիզնեսը սթափ է գնահատում հայկական միրգ–բանջարեղենի, ծաղիկների, հայկական հանքային ջրերի և հայկական ալկոհոլի վաճառքի հեռանկարները եվրոպական շուկայում: Այդ ոլորտների աշխատակիցները, ինչպես նաև այդ ապրանքների փոխադրողները նույնպես պետք է մտածեն այդ մասին», – նշել է Օվերչուկը։
ՌԴ փոխվարչապետը հավելել է` ոմանք կասեն, որ Հայաստանը եվրոպական հեռանկարներ ունի, և ԵԱՏՄ-ի հետ կապերը պետք են միայն այնքան ժամանակ, մինչև ԵՄ-ի հետ առևտուրը փոխարինի ԵԱՏՄ-ի հետ առևտրին, սակայն եվրոպացիների հետաքրքրությունն արդեն արտահայտվել է հայկական ապրանքները եվրոպական շուկա թողնելու հարցում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 11-ին հայտարարեց, որ ԵԱՏՄ–ից դուրս գալը նպատակ չէ, ԵՄ անդամ դառնալը նպատակ է։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ԵՄ-ին միանալու ցանկությունը երկրի սուվերեն իրավունքն է, իսկ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ասել էր, որ ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության և ԵԱՏՄ–ի միջև։