ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Չինացի մի խումբ գիտնականներ հայտնաբերել են, որ ծովային և քաղցրահամ ջրերի ձկներից տարածվող վտանգավոր նոդավիրուսը կարող է փոխանցվել մարդկանց և առաջացնել աչքերի լուրջ հիվանդություն։ Այս մասին ասվում է «Nature Microbiology» ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ։
«Վերջերս հայտնաբերվել է մարդու աչքի հիվանդություն, որը կոչվում է մշտական աչքի հիպերտոնիա վիրուսային առաջի ուվեիտով (POH-VAU), սակայն դրա պատճառը մնում է անհասկանալի: Վերջերս կատարված ուսումնասիրությունը պարզել է POH-VAU-ի կապը ջրային ծագման թաքնված մահացու նոդավիրուսի (CMNV) հետ», - ասվում է ամսագրի հրապարակման մեջ:
Հետազոտության մեջ նշվում է, որ գիտնականները POH-VAU ունեցող 70 հիվանդների մոտ հայտնաբերել են աչքի հյուսվածքներում CMNV վարակի առկայությունը: «Փորձերը ցույց են տվել, որ CMNV վիրուսը կարող է մկների մոտ ներակնային ճնշման բարձրացում և աչքի հյուսվածքների ախտաբանական վնաս պատճառել, ինչպես նաև վարակել կաթնասունների բջիջները», - ասված է հրապարակման մեջ:
Մարդկանց վրա CMNV ձկների նոդավիրուսի ազդեցության ամենատարածված դեպքերի շարքում (71,4%) գիտնականները նշել են ջրային օրգանիզմների չպաշտպանված մշակումը, ինչպես նաև դրանց՝ որպես հում սնունդ օգտագործումը:
Ձկների նոդավիրուսը (CMNV) վտանգավոր հարուցիչ է, որը մահացու վիրուսային նյարդային հիվանդություն է առաջացնում ծովային և քաղցրահամ ձկների ավելի քան 120 տեսակների մոտ: Այն ազդում է թրթուրների և մանրաձկների նյարդային համակարգի վրա՝ առաջացնելով դրանց զանգվածային մահացություն (մինչև 100%):