ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Հայաստանի ֆուտզալի հավաքականը Եվրոպայի առաջնության փլեյ–օֆֆ դուրս գալու համար կստանա 141 մլն դրամ: Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը 2026 թվականի հունվարին ֆուտզալի Եվրոպայի առաջնությանը փայլուն մասնակցություն է ունեցել՝ զբաղեցնելով առաջին տեղը խմբում և դուրս գալով մրցաշարի քառորդ եզրափակիչ: Հաշվի առնելով, որ Ֆուտզալի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ էր թիմային մարզաձևում հայտնվել Եվրոպայի ուժեղագույն ութ թիմերի շարքում և գրանցել է յոթ հաղթանակ, անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի ֆուտզալի հավաքականի կազմում ընդգրկված մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և վարչական անձնակազմի ներկայացուցիչներին պարգևատրել դրամական պարգևներով»,– ասված է որոշման հիմնավորման մեջ :
Ակնկալվում է, որ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը հնարավորություն կունենա բարելավելու իր մարզական հմտությունները՝ Եվրոպայի և Աշխարհի առաջնություններին բարձր մակարդակով հանդես գալու համար:
Հիշեցնենք` Հայաստանի ֆուտզալի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հանդես եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչում: Խմբային փուլում հայկական թիմը հաղթեց Ուկրաինային (2:1), Չեխիային (5:4), ոչ-ոքի խաղաց Լիտվայի հետ (3:3) և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեց Խորվաթիային (0:3):