ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Եթե երկրի ու ազգի ճակատագիրը պիտի հոգևորականին չհետաքրքրի, ուրեմն այդ հոգևորականը հոգևորական չէ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը։ Նա այսպես մեկնաբանեց «Նուբարաշեն» ՔԿՀ իր մուտքի արգելքին։
ՔԿՀ-ի հոգևոր ծառայության պատասխանատու տեր Իսահակ վարդապետ Պողոսյանն ավելի վաղ Sputnik Արմենիային հաստատել էր, որ վերջերս թույլ չեն տվել Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանին մուտք գործել «Նուբարաշեն»։
«Քրեակատարողական հիմնարկների վարչության պետի տեղակալը զանգել էր տեր Իսահակ վարդապետ Պողոսյանին և ասել, որ ես այլևս չեմ կարող քրեակատարողական հիմնարկներ այցելել, որովհետև քաղաքականությունից է եմ խոսում։ Իսկ ինչի՞ց պիտի խոսի հոգևորականը, եթե ոչ հայրենիքից, եթե ոչ ազգի ճակատագրից, արդարությունից, ազնվությունից կամ մարդասիրությունից։ Բա մեր երկրի ճակատագիրը եթե հոգևորականին ու եկեղեցուն պիտի չհետաքրքրի, ուրեմն, էդ եկեղեցին եկեղեցի չի, հոգևորականն էլ հոգևորական չի։ Եթե մեր ազգի վիճակը մեզ պիտի չհետաքրքրի, ուրեմն, մենք էլ ի՞նչ եկեղեցի ենք։ Այսինքն թող քաղաքականություն բառը չշահարկեն, որովհետև ամեն հայ մարդ որոշակիորեն պիտի քաղաքականության զբաղվի, և եթե չի մտահոգված իր երկրի, ազգի ճակատագրով, ուրեմն լավ հայ չէ»,–ասաց տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը։
Նա ընդգծեց, որ հայր Իսահակն իրեն խորհուրդ է տվել չայցելել «Նուբարաշեն» ՔԿՀ, ինքն էլ ընդունել է ու չի գնացել, բայց պաշտոնական մեկնաբանություն է ուզում ստանալ։
Տեր Գրիգորը շատ կարևոր է համարում իր այսքան տարվա աշխատանքը, վստահեցնելով, որ բազմաթիվ բանտարկյալներ աշխարհիկ մտածելակերպից դարձել են դեպի հոգևոր մտածելակերպ, սկսել են Աստվածաշունչ կարդալ, աղոթել։ Տեր Գրիգորը վստահ է` կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված մարդիկ ավելի շատ ունեն հագևորականների կարիքը, լինեն դրանք բանտարկյալներ, ծերանոցներում գտնվող տարեցներ թե մանկատներում ապրող երեխաներ։
«Ցավում եմ, որ մարդիկ գոնե իմ մասով զրկվեցին հոգևոր ծառայությունից։ Անցած 15 տարիների ընթացքում համապատասխան կառույցների կամ պետության կողմից որևէ աջակցություն չի եղել մեզ։ Այսինքն, բացի այն, որ թույլ են տվել այցելել բանտարկյալներին, որչիշ ոչինչ չեն արել»,–ասաց նա։
Տեր Գրիգորն ընդգծեց, որ կային բանտարկյալներ, որոնք պահք էին պահում, պատրաստվում էին սուրբ հաղորդության, ու զրկվեցին դրանից։
Ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, որ իշխանությունները հիմա էլ որսի է դուրս եկել Մայր աթոռի հոգևոր ծառայության անդամների նկատմամբ, քանի որ «փորձել են այս հոգևորականներին հանել վեհափառի դեմ, սակայն մերժում են ստացել»։