Ես ընդամենը տեղյակ եմ պահել նրան. Փաշինյանը` Պուտինի հայտարարության մասին

Փաշինյանն ավելացրեց, որ Մոսկվայում ինքը Պուտինին ընդամենը տեղյակ է պահել, թե ինչ է իրականում ՀՀ–ում կատարվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղակի ճիշտ չեն տեղեկացրել Հայաստանի ընտրություններին ՌԴ քաղաքացիների մասնակցության մասին։ Այդ մասին նա հայտարարեց ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ։
Մոսկվայում Փաշինյանի հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ Ռուսաստանը կցանկանար, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին կարողանային մասնակցել բոլոր ռուսամետ ուժերը։ Նա նաև նշել է, որ այդ մարդկանցից ոմանք անազատության մեջ են` չնայած ռուսական անձնագրեր ունեն:
«Շատ դեպքերում ես էլ, երբ տեղեկությունները փոխանցում են ինձ, դրանք ոչ թե իմ անձնական հետազոտության արդյունքներն են, այլ ինձ զեկուցված տեղեկություններ են։ Կարծում եմ` առնվազն այդ նյուանսի մասին նրան տեղյակ չեն պահել։ Դուք պատկերացնո՞ւմ եք ՌԴ նախագահի օրակարգը. Ռուսաստանի մասշտաբները հլը տեսեք։ Էլ չեմ ասում, որ Պուտինը պատասխանատու է ոչ միայն իր երկրի օրակարգի համար, այլև միջազգային դերակատարաներից մեկն է։ Այսինքն, ինքն այդքան մանրամասներ պետք է ուսումնասիրե՞ր ՀՀ օրենքները և Սահմանադրությունը։ Իհարկե, ոչ. եթե նրան տեղեկացնում էին, պետք է ամբողջական տեղեկացնեին»,– հայտարարեց նա։
Փաշինյանն ավելացրեց, որ Մոսկվայում ինքը Պուտինին ընդամենը տեղյակ է պահել, թե ինչ է իրականում կատարվում Հայաստանում։