Ապրիլի 1–ից Մեծամորի ԱԷԿ–ի աշխատանքը դադարեցվել է պլանային վերազինման համար. Խուդաթյան

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` արևային կայանների շնորհիվ ՀՀ–ն էներգառեսուրսներ չունեցող երկրից վերածվել է այնքան ռեսուրս ունեցող երկրի, որը էներգետիկ առումով կարող է լինել ինքնաբավ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Ապրիլի 1–ից Մեծամորի ԱԷԿ–ի շահագործումը դադարել է պլանային վերազինման համար, ուստի 2026 թ. Հայաստանի արևային կայանները արտադրած կլինեն այնքան էներգիա, որքան Մեծամորի ատոմակայանը։ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Եթե հաշվի առնենք, որ 2026 թ. ընթացքում, շահագործման ժամկետի երկարացման ծրագրով պայմանավորված, Մեծամորի ատոմակայանը ապրիլի 1–ից 5 ամսով դուրս է եկել շահագործումից, ամենայն հավանականությամբ, 2026 թ. մեր արևային կայանները արտադրած կլինեն այնքան էներգիա, որքան Մեծամորի ատոմակայանը»,– ասաց նա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին կրկնեց նախկինում ասած միտքը` երբ անընդհատ խոսվում է նոր ատոմակայանի կառուցման մասին, պետք է հիշել, որ մենք ՀՀ–ում արդեն իսկ ստեղծել ենք Մեծամորի երկու ատոմակայան։
«Մեր արևային կայանների գումարային հզորությունը հասնում է 1141 ՄգՎտ–ի, որը, ըստ էության, նշանակում է, որ մենք երկու ատոմակայան ենք կառուցել. ատոմակայանի դրվածքային հզորությունը 460 ՄգՎտ է»,– նշեց նա։
Այնուհետև Փաշինյանը նշեց, որ Գերմանիայից լավ նորությամբ է վերադարձել (նա Գերմանիա էր մեկնել 2025 թվականի դեկտեմբերին. խմբ)։
«Պարզվեց` ինչպես որ կան հացի տարբեր տեսակներ` լավաշ, մատնաքաշ, բուխանկա, հիմա էլեկտրական հացի բոլոր տեսակներն արտադրում է արևային էներգետիկան»,– ասաց նա։
Ըստ վարչապետի` մենք հիմա նաև էներգետիկ առումով ենք պատմական ժամանակներ ապրում, քանի որ արևային կայանների շնորհիվ էներգառեսուրսներ չունեցող երկրից վերածվել ենք այնքան ռեսուրս ունեցող երկրի, որն էներգետիկ առումով կարող է լինել ինքնաբավ և անգամ էլեկտրաէներգիա ներմուծելու անհրաժեշտություն ընդհանրապես չունենա։
ԱՄՆ–ն կարող է ՀՀ–ում էներգաբլոկների կառուցում առաջարկել 12 տարի անց. Օվերչուկ