Աբխազիայի հերոս Ալբերտ Տոպոլյանի պատվին հուշատախտակ է բացվել Սուխումի բնակելի շենքերից մեկի ճակատամասին, հայտնում է Sputnik Աբխազիան։
Տոպոլյանը Աբխազիայի առաջին նախագահ Վլադիսլավ Արձինբայի զինակիցն էր և զգալի ավանդ է ունեցել աբխազական պետականության կայացման գործում։
«Ալբերտ Գասպարովիչի մասին շատ բան կարելի է ասել։ Նա Ափսնիի իսկական զավակն էր, մարդ, որն իր ողջ կյանքում պահել է սերն իր հողի հանդեպ»,-հայտարարել է հայ համայնքի ղեկավար Ալիկ Մինոսյանը։
Արարողությանը մասնակցել են Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան, նախագահի վարչակազմի ղեկավար Բեսլան Էշբան, խորհրդարանի պատգամավորներ, Տոպոլյանի հարազատներն ու մարտական ընկերները։
Ալբերտ Տոպոլյանը Աբխազիայի հերոս է, «Ахьдз-Апша» II աստիճանի շքանշանի ասպետ։ Տարբեր տարիների նա զբաղեցրել է Աբխազիայի Գերագույն խորհրդի փոխնախագահի, Պաշտպանության պետական կոմիտեի փոխնախագահի, Ժողովրդական ժողովի փոխխոսնակի, փոխվարչապետի, երիտասարդության հարցերի, սպորտի և առողջարանների նախարարի, ինչպես նաև Հանրային պալատի քարտուղարի տեղակալի պաշտոնները։
Մահացել է 2024 թվականի սեպտեմբերի 4-ին՝ 89 տարեկան հասակում։