Քանի՞ տոննա հացահատիկ է տեղափոխվել Հայաստան ադրբեջանական երկաթուղով 5 ամսում

Քանի՞ տոննա հացահատիկ է տեղափոխվել Հայաստան ադրբեջանական երկաթուղով 5 ամսում
Ադրբեջանի և Վրաստանի տարածքով երկաթուղային երթուղին կարելի է մրցունակ համարել ավանդականի համեմատ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Հայաստանը հինգ ամսում Ադրբեջանի և Վրաստանի տարածքով 23,5 հազար տոննա հացահատիկ է ներկրել երկաթուղով։ Այս մասին են վկայում էկոնոմիկայի նախարարության՝ գրավոր հարցմանն ի պատասխան Sputnik Արմենիային տրամադրած տվյալները։
Մատակարարումներն իրականացվում են երկաթուղային երթուղով՝ Ադրբեջանի տարածքով (Գյանջա-Բոյուք Քեսիք տեղամասեր) մինչև Վրաստան, այնուհետև Գարդաբանի-Թբիլիսի տեղամասով մինչև հայ-վրացական սահման (Սադախլո-Այրում):
Երկաթուղու միջոցով հացահատիկի ներմուծում Հայաստան (Ադրբեջանի և Վրաստանի տարածքով)
Էկոնոմիկայի նախարարությունից պարզաբանել են, որ 2025 թվականին հացահատիկ մատակարարվել է Ղազախստանից և Ռուսաստանից՝ ընդհանուր 6 600 տոննա ծավալով։ 2026 թվականին հացահատիկի բեռները երկաթուղով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան մատակարարվել են միայն ՌԴ-ից՝ 17 հազար տոննա ընդհանուր ծավալով։ Հիմնականում ցորեն է մատակարարվել։
Նախարարությունում նշել են, որ Ադրբեջանով և Վրաստանով անցնող երթուղին կարելի է համարել մրցունակ այլընտրանք «Վերին Լարս» անցակետով ավանդական մատակարարումներին: Դա է վկայում երկաթուղով հացահատիկի փոխադրումների ծավալների աճը։
«Շահավետությունը կախված է մի շարք գործոններից, այդ թվում՝ արժութային փոխարժեքից, բեռներն անմիջապես էլևատորից վագոններով բեռնման հնարավորությունից, բեռը ստացողի կողմից երկաթուղային ընդունման ուղիների առկայությունից, վագոնների վարձակալության արժեքից», - նշված է նախարարության պատասխանում:
Այս երթուղին Հայաստանի կառավարության կողմից դիտարկվում է որպես երկարաժամկետ նախագիծ։