Պուտինն առաջին անգամ խոսել է Հայաստանի` ԵՄ–ին անդամակցելու հնարավորության մասին

Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները երկկողմ հանդիպում են անցկացնում Կրեմլում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը տեսնում է, որ Երևանում ԵՄ–ի հետ հարաբերությունների շուրջ քննարկում կա, և Մոսկվան դրան հանգիստ է վերաբերվում։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կրեմլում մեկնարկել է Փաշինյան–Պուտին հանդիպումը։
«Մենք տեսնում ենք, որ Հայաստանում քննարկում է ընթանում Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման շուրջ։ Մենք դրան միանգամայն հանգիստ ենք վերաբերվում։ Մենք հասկանում ենք, որ ցանկացած երկիր առավելագույն օգուտներ է փնտրում 3–րդ երկրների հետ համագործակցությունից»,– ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահն անդրադարձել է նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը։ Նա նշել է, որ Հայաստանի արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ վերջին տարիներին աճել է 10 անգամ։
«Եթե նայենք, թե ինչ է կատարվում Հայաստանի տնտեսության մեջ, ինձ թվում է` դուք նույնպես տեսնում եք, որ Հայաստանից արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ վերջին տարիներին աճել է 10 անգամ»,– ընդգծել է Պուտինը:
Հիշեցնենք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մարտի 11-ին ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում, հայտարարեց, որ Հայաստանի եվրաինտերգրման գլխավոր խնդիրը Եվրամիության և Վրաստանի միջև քաղաքական երկխոսության սառեցված կարգավիճակն է։ Նա հիշեցրեց, որ Հայաստանի խորհրդարանը ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքը ընդունեց այն բանից հետո, Վրաստանը ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ էր ստացել։ Դա, ըստ նրա, շոշափելի դարձրեց Հայաստանի՝ ԵՄ անդամ դառնալու հեռանկարը։
Նշենք, որ Հայաստանը մնում է Եվրասիական տնտեսական միության անդամ և միաժամանակ հայտարարում է ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելու մտադրության մասին։ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու մասին քննարկումները սկսվեցին այն բանից հետո, երբ 2025 թվականի մարտի 26-ին ՀՀ ԱԺ-ն ընդունեց Եվրոպական միությանն անդամակցելու մտադրության մասին օրինագիծը։
Ընդ որում՝ ԵՄ-ից անդամակցության առաջարկ չի եղել, իսկ ընդդիմությունը փաստաթուղթն անվանել է իրավական առումով աբսուրդային։ Փաշինյանը հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցելու որոշումը չի կարող կայացվել առանց հանրաքվեի, սակայն խոստովանել է, որ 20 տարի անց երկիրը տեսնում է Եվրամիության կազմում։ Փաշինյանը նաև հայտարարել է, որ Երևանը ԵԱՏՄ-ում կմնա այնքան ժամանակ, որքան դա հնարավոր կլինի։ Նրա խոսքով՝ երկիրը հնարավորություն ունի մնալու Եվրասիական տնտեսական միության անդամ և միաժամանակ ընթանալ պետական զարգացման, կառավարման և այլ ոլորտներում եվրոպական ստանդարտներին համապատասխանելու ճանապարհով։
Փետրվարի 5-ին Մոսկվայում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Երևանի դիրքորոշումը, ընդգծել էր, որ Մոսկվան հարգում է Երևանի ընտրությունը, սակայն ԵԱՏՄ անդամակցությունը չի կարող համատեղելի լինել Եվրոպական միությանը միանալու հետ։