Հրթիռային հարվածներից վնասվել է Թեհրանի Սուրբ Նիկողայոսի ուղղափառ տաճարը

Վնասվել է նաև հարակից տարածքում գտնվող խնամքի կենտրոնը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Հրթիռային 2 հարվածից վնասվել է Թեհրանի Սուրբ Նիկողայոսի ուղղափառ տաճարը։ Այս մասին հայտնել է Իրանում Ռուսաստանի դեսպանությունը։
«Սուրբ Նիկողայոսի տաճարը վնասվել է Մեծ պահքի ժամանակ և կրոնական գլխավոր տոներից մեկի՝ Զատկի նախաշեմին։ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական արկածախնդրության պատճառով Իրանի ուղղափառ համայնքը զրկված է եկեղեցի հաճախելու հնարավորությունից», – ասվում է դիվանագիտական առաքելության հաղորդագրության մեջ։
Սուրբ Նիկողայոսի ուղղափառ տաճարը
Վնասվել է ծերերի խնամքի ռուսական կենտրոնը, որը գտնվում է հարակից տարածքում։ Տուժածներ չկան։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: