ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 94 մսուր-մանկապարտեզում։ Ծնողները պահանջում են, որ տնօրեն Փառանձեմ Միրիբյանը հեռանա։ Պնդում են, որ շուրջ 1 տարի առաջ նշանակված տնօրենի պահվածքի պատճառով դաստիարակները հերթով աշխատանքից դուրս են գալիս, ծնողների համբերության վերջին կաթիլն էլ դարձել է միանգամից 10 դաստիարակի՝ աշխատանքից ազատման դիմումը։
Ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, թե ներառական կրթության կարիք ունեցող երեխաների հետ համապատասխան մասնագետներ չեն աշխատում, որովհետև աշխատանքի չեն գալիս։ Թղթի վրա գրված՝ նման մասնագետներ կան, իսկ իրականում չկան։
«Երբեք աշխատանքի չեն եղել, եղել են ֆիկտիվ գրանցված աշխատողներ, աշխատավարձը ստացել են տանը նստած, այստեղ աշխատում է ծանոթ-բարեկամ տարբերակը»,- նշեց ծնողը։
190 ծնողներ ստորագրել են՝ դիմելով տարբեր կառույցների, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանին, ԿԳՄՍՆ–ին։ Ասում են՝ կա՛մ խնդիրը կլուծվի, կա՛մ իրենք երեխաներին կտանեն մանկապարտեզից։
Այս պահին մանկապարտեզում են Երևանի քաղաքապետարանից, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան աշխատակազմի ներկայացուցիչներ, սակայն տնօրեն Փառանձեմ Միրիբյանը փակել է աշխատասենյակի դուռն ու որևէ մեկին ներս չի թողնում։
Ժամեր անց նա դուրս եկավ աշխատասենյակից։
«Ես չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ, վերջերս եմ վիրահատվել, առողջական խնդիրներ ունեմ, և այս պահին ինձ վատ եմ զգում»,- ասաց Միրիբյանը լրագրողներին։
Նա նշեց, որ հաստատությունը բնականոն շարունակում է աշխատել։ Չմեկնաբանեց նաև այն հարցը, թե արդյոք շարունակելու է պաշտոնավարել, թե ոչ։
Հավելենք, որ Sputnik Արմենինան դիմել է Երևանի քաղաքապետարան, խոստացել են ավելի ուշ պարզաբանումներ տրամադրել։