ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Ադրբեջանը բացահայտորեն հանդես չի գա կամ թույլ չի տա իր սահմանն օգտագործել Իրանի դեմ, եթե 100%-ով վստահ չլինի, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում իշխանափոխություն տեղի կունենա։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ, APRI Armenia-ի ավագ գիտաշաշխատող Բենիամին Պողոսյանը։
Միևնույն ժամանակ Պողոսյանը նկատեց, որ հայտնի փաստ է՝ Իսրայելն Ադրբեջանում ունի որոշակի ռազմական և հետախուզական ներկայություն, ինչի մասին հեղինակավոր լրատվամիջոցները գրում են արդեն 15 տարի։
«Կարծում եմ՝ Ադրբեջանի ղեկավարությունը բավականաչափ խելացի կգտնվի, որպեսզի թույլ չտա, որ Ադրբեջանի տարածքն ուղղակիորեն օգտագործվի Իրանի դեմ պատերազմում՝ հատկապես այս պահին, երբ պատերազմն արդեն մեկ ամիս է՝ ընթանում է։ Հետևաբար, իմ գնահատմամբ, Ադրբեջանը բացահայտ կմտնի Իրանի դեմ պատերազմի մեջ, ասում եմ՝ բացահայտ, քանի որ կարող է գործել թաքնված, միայն երբ 100%-ով վստահ լինի, որ Իրանում վարչակարգի փոփոխություն կլինի, այսինքն՝ ԻԻՀ-ն կդադարի գոյություն ունենալ իր ներկայիս տեսքով»,- ասաց Բենիամին Պողոսյանը։
Ասուլիսի մասնակից, APRI Armenia վերլուծական կենտրոնի աշխատակից Սերգեյ Մելքոնյանն էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, հավելեց, որ Թեհրանը կարող է քայլեր ձեռնարկել Բաքվի դեմ, եթե ակնհայտ լինի Ադրբեջանի օգնությունն Իսրայելին:
«Ադրբեջանը չունի որևէ ռազմավարական խորություն Իրանին դիմադրելու համար, քանի որ Իրանի կողմից Ադրբեջանի նավթագազային ենթակառուցվածքներին հասցվող հարվածները կարող են Ադրբեջանին շատ արագ հանգեցնել տնտեսական կոլապսի»,- ասաց Մելքոնյանը։
Ինչ վերաբերում է Թուրիքիային, Մելքոնյան նշեց, թե քիչ հավանական է համարում, որ Թուրքիան այս դեպքում շահագրգռված լինի Ադրբեջանի համար ներքաշվել լայնամասշտաբ պատերազմի մեջ՝ նույնիսկ Շուշիի հռչակագրի առկայության պարագայում: