ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ՆԱՏՕ-ի նկատմամբ հետագա քայլերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոշի Իրանի հետ հակամարտության ավարտից հետո: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։
Նա նշել է, որ ներկա իրավիճակը ցույց տվեց դաշնակիցների իրական վերաբերմունքը ԱՄՆ-ի նկատմամբ, այդ թվում՝ օգնության և ենթակառուցվածքների հասանելիություն ստանալու հարցերում:
«Աշխարհը տեսավ, թե մեր դաշնակիցները ինչ են պատրաստ անել ԱՄՆ-ի համար այն դեպքում, երբ մենք այդքան մեծ ջանքեր ենք գործադրում հանուն ազատ աշխարհի», - հավելել է Հեգսեթը:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի տարածքը դուրս է իրանական հրթիռների հասանելիությունից, մինչդեռ դրանք հասանելի են ամերիկյան դաշնակիցների և այլ երկրների համար:
«Երբ մենք լրացուցիչ օգնություն ենք կամ պարզապես դաշնակից երկրների ռազմական օբյեկտներ մուտք գործելու կամ այլ երկրների տարածքով թռիչքներ կատարելու հնարավորություն ենք խնդրում, ի պատասխան ստանում ենք հարցեր, խոչընդոտներ կամ անվճռականություն», - դժգոհել է նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան հրաժարվել են իրենց օդային տարածքը տրամադրել ռազմական բեռով ամերիկյան ինքնաթիռներին, որոնք մասնակցում են Իրանի դեմ պատերազմին։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: