ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ՀՀ–ում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավար Սատու Կոյվուին։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` հանդիպմանը վարչապետը կարևորել ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը մեր երկրում և ընդգծել, որ ՀՀ–ԵՄ հարաբերություններն ունեն զարգացման դինամիկ բնույթ և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում ԵՄ–ն հետևողականորեն աջակցում է։
Սատու Կոյվուն իր հերթին անդրադարձել է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը` վստահություն հայտնելով, որ ՀՀ կառավարության գործընկերների հետ կշարունակվի սերտ համագործակցությունն ու ակտիվ երկխոսությունը։
Վարչապետի մամուլի ծառայությունից նշում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության ապահովմանը վերաբերող հարցերի։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ–ում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավար Սատու Կոյվուն
Նշենք, որ Սատու Կոյվուն փոխարինում է Մարկուս Ռիտերին։ Եվրոպական խորհրդի որոշմամբ` ԵՄ դիտորդական առաքելությունը մշտական հիմունքներով Հայաստանում պաշտոնապես տեղակայվեց 2023 թվականի փետրվարի 20-ից: Մինչ այդ՝ 2022 թվականի հոկտեմբերից, առաքելությունը Հայաստանում էր ժամանակավոր հիմունքներով։
Ըստ համաձայնագրի` դիտորդների կարգավիճակը մոտ է դիվանագիտական կարգավիճակին այն իմաստով, որ նրանք և նրանց ծառայողական գույքը (մեքենաներ, տեխնիկա և այլն) ենթակա չեն մաքսային զննման և Հայաստանում գրանցման ստանդարտ ընթացակարգերի:
ԵՄ երկրների արտգործնախարարները 2023-ի դեկտեմբերի 11-ին որոշեցին 50 տոկոսով ավելացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության թիվը՝ 138 աշխատակցից հասցնելով 209-ի: