ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի կողմից այսօր դեղեր և դեղորայքային պարագաներ են փոխանցվել ՀՀ-ում Իրանի դեսպանությանը: Լուրը հրապարակվել է կուսակցության կայքում։
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արա Պուլուզյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում հայտնել է, որ մարդասիրական այս օգնությունը երախտագիտության դրսևորում է Իրանի ժողովրդի հանդեպ, քանի որ Հայաստանի և Արցախի դժվարին օրերին հարևան և բարեկամ Իրանը եղել է հայ ժողովրդի կողքին:
«Իհարկե, ոչ մի օգնություն Էլ ունակ չէ բարեկամ Իրանի ժողովրդի ցավը մեղմելու, սփոփելու համար, բայց որպես մարդ, որպես բժիշկ, պարտավոր ենք ցավի ու վշտի մեջ գտնվող մարդկանց կողքին լինել»,- ասել է «Տոնոյան» բժշկական կենտրոնի վիրաբույժ, 44-օրյայի մասնակից Հենրիկ Մարգարյանը` փաստելով, որ բժշկական պարագաներն ընտրելիս իրեն օգնել է պատերազմին մասնակից լինելու փորձառությունը:
Մարդասիրական օգնությունն ընդունել է ՀՀ-ում Իրանի փոխդեսպանը՝ շնորհակալություն հայտնելով այս դժվարին օրերին Իրանի ժողովրդի կողքին լինելու համար:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: