Պարսից ծոցի գոտու ապակայունացումը կհանգեցնի սոցիալական ցնցումների. ՌԴ ԱԽ

Վենեդիկտովը նշել է, որ Մերձավոր Արևելքի ճգնաժամի հետևանքներն արդեն զգացվում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Պարսից ծոցի գոտում իրադրության ապակայունացումն անխուսափելիորեն կհանգեցնի սոցիալական ցնցումների, որոնք լուրջ մարտահրավեր են տարբեր երկրների ազգային անվտանգության համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վենեդիկտովը դիվանագիտական առաքելությունների և ներկայացուցչությունների ղեկավարների համար ճեպազրույցի ժամանակ։
«Արդեն հիմա կարելի է փաստել, որ Պարսից ծոցի գոտում իրադրության ապակայունացումն անխուսափելիորեն կհանգեցնի համաշխարհային տնտեսության աճի տեմպերի կրճատման, գնաճի ավելացման և սննդամթերքի թանկացման։ Որպես հետևանք՝ անխուսափելի են սոցիալական ցնցումները, որոնք լուրջ մարտահրավեր են ազգային անվտանգության ապահովման համար», - ասել է նա։
Նա նշել է, որ ներկայիս գլոբալ ճգնաժամն ունի մարդածին բնույթ և կոնկրետ շահառուներ, որոնք պատրաստ չեն համակերպվել բազմաբևեռության գալիք դարաշրջանի հետ:
Պարսից ծոցի տարածաշրջանում ռազմական գործողությունների սրացումը հանգեցրել է նրան, որ առանձին երկրներ դժվարությունների են բախվել Հորմուզի նեղուցն անցնելու հարցում: Փլուզման եզրին են հայտնվել լոգիստիկ և առևտրատնտեսական ճարտարապետությունը, համաշխարհային էներգետիկ և պարենային անվտանգությունը, ինչը հղի է շատ ծանր հետևանքներով այն երկրների համար, որոնք կախված են ածխաջրածինների, պարարտանյութերի և պարենի ներմուծումից։
Վենեդիկտովը նշել է, որ Մերձավոր Արևելքի ճգնաժամի հետևանքներն արդեն զգացվում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում։ Գործարկվում են էլեկտրաէներգիայի սպառման կրճատման միջոցառումներ։ Հասարակական տրանսպորտի ուղեվարձն ու սննդի գները բարձրանում են։ Կիրառվում են վառելիքի գնաճի զսպմանն ուղղված հատուկ մեխանիզմներ, որոնք լրացուցիչ բեռ են պետբյուջեների համար:
Նրա խոսքով՝ նավթի արդյունահանումը կրճատվել է օրական ավելի քան 2 մլն բարելով, ինչի արդյունքում Եվրոպա և Ասիա մատակարարումները կրճատվել են պլանավորվածի 40 տոկոսով: Նա հավելել է, որ տարածաշրջանում գործող աղազերծման կայանքներն արդեն 30 տոկոսով կրճատել են քաղցրահամ ջրի արտադրությունը, ինչը սպառնում է գյուղատնտեսությանն ու առհասարակ կենսապահովմանը:
«Հորմուզի նեղուցի փակումը հանգեցրել է պարարտանյութերի համաշխարհային արտահանման շուրջ 50 տոկոսի դադարեցման, ինչը կարող է Ասիայում խափանել ցանքի աշխատանքները։ Ազոտային հավելումների գներն աճել են 30 տոկոսով», - ասել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալը։
Վենեդիկտովը նշել է, որ ճգնաժամի հետևանքները զգում են նույնիսկ ԱՍԵԱՆ-ի երկրները, ինչպիսիք են Սինգապուրը, Վիետնամը, Թաիլանդը, Մալայզիան և Ինդոնեզիան։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: