Իրանը պահանջում է դադարեցնել տարածաշրջանի բոլոր պատերազմները. Արաղչի

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է Թեհրանի պայմանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Իրանը չի ընդունում հրադադարի տարբերակը և պահանջում է պատերազմների դադարեցում ամբողջ տարածաշրջանում: Այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին «Al Jazeera» հեռուստաալիքին:
«Մենք չենք ընդունում հրադադարը և ձգտում ենք պատերազմների լիակատար դադարեցման ոչ միայն Իրանում, այլև ամբողջ տարածաշրջանում», – ասել է նա։
Նախարարը նշել է Թեհրանի պայմանները՝ Իրանի վրա հարձակումները չկրկնելու երաշխիքներ և վնասի փոխհատուցման վճարում:
Իրանական դիվանագիտության ղեկավարը նաև հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է պատասխանել ցանկացած ցամաքային գործողության։
«Մենք պատրաստ ենք հակահարված տալ ցանկացած ցամաքային ներխուժման։ Հույս ունեմ, որ թշնամիները սխալ հաշվարկներ չեն անի», - հայտարարել է Արաղչին։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: