ԻՀՊԿ–ն Իսրայելում տարբեր թիրախների է հարվածել դաշնակիցների հետ. հայտարարություն

ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերը հարվածների համար գերծանր «Էմադ», «Խորամշահր 4» և «Ղադր» հրթիռներ են կիրառել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Իրանցի զինվորականները տարածաշրջանային դաշնակիցների հետ համատեղ հարվածներ են հասցրել Իսրայելում գտնվող մի քանի թիրախի, այդ թվում՝ Թել Նոֆ ավիաբազային։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։
«ԻՀՊԿ–ի օդատիեզերական ուժերը Իսրայելի կենտրոնական, հարավային և հյուսիսային հատվածների տարբեր վայրերին, այդ թվում՝ Բնեյ Բրակում, Թել Ավիվում, Բեեր Շևայում, Նեգևում և Գալիլեայում թիկունքի հրամանատարության հանդիպումների վայրերին հարվածելու համար օգտագործել են «Էմադ», «Խորամշահր 4» և «Ղադր» գերծանր հրթիռներ», – ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ, որը մեջբերում է «Fars» գործակալությունը։
ԻՀՊԿ-ն նաև հայտնել է, որ հարվածներ է հասցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի Թել Նոֆ ավիաբազային, ինչպես նաև Արադի և Մեռյալ ծովի շրջանում թիրախներին։ Զինվորականները պարզաբանել են, որ գործողությունն իրականացրել են «Դիմադրության շարժման» հետ համատեղ (այդպես է Իրանն անվանում իր դաշնակիցներին)։
ԻՀՊԿ-ի տվյալներով՝ վերջին մի քանի ժամվա ընթացքում ավելի քան 120 հարձակմանը մասնակցել են Լիբանանի «Հզբոլլահ» շարժումը և Իրաքի ու Եմենի իսլամական դիմադրությունը. նրանք գրոհել են Իրաքի կենտրոնական և հյուսիսային հատվածներում գտնվող ԱՄՆ հրամանատարական կետերը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: