ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Քրեական ոստիկանությունը վերջին մի քանի օրերին ձերբակալել է տարբեր երկրների կողմից հետախուզման մեջ գտնվող մի քանի անձանց։ հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նրանցից երկուսը հայտնաբերվել ու ձերբակալվել են «Զվարթնոց» օդանավակայանում։
30-ամյա մի երիտասարդ, որը հետախուզվում էր Մոլդովայի Ինտերպոլի կողմից, մեղադրվում է խուլիգանության մեջ։ Նրան ձերբակալել են մարտի 27-ին, երբ նա Երևան է ժամանել Միներալնիե Վոդիից։
36-ամյա երիտասարդն էլ ձերբակալվել է մարտի 29-ին` Երևան-Մոսկվա չվերթի հաշվառումից հետո։ Նա փետրվարի 11-ից ԱՄՆ Վաշինգտոն քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր խուլիգանության և համակարգչային հանցագործության մեղադրանքով։ Նրա համար խափանման միջոց էր ընտրվել կալանքը։
Երկու հայտնաբերվածների մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը։
Նախորդ շաբաթ էլ քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-ուղեկցող խմբի կողմից Ղազախստանի Ալմաթի քաղաքից Հայաստան է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 41-ամյա մի տղամարդ։ Նա 2023 թ․ հոկտեմբերի 9-ից հետախուզվում էր համակարգչային հափշտակության, փողերի լվացման և հանցավոր կազմակերպությանը մասնակցելու մեղադրանքով։ Նրա համար խափանման միջոց է ընտրվել կալանք։