Ելիսեյան պալատում զարմացել են Թրամփի մեղադրանքներից

Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ իրենց դիրքորոշումը չի փոխվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Ելիսեյան պալատում զարմացած են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքներից՝ կապված Իրանի հակամարտության հարցում Ֆրանսիայի «ոչ դաշնակցային» մոտեցման հետ: Այս մասին հայտնում է «TF1» հեռուստաալիքը՝ մեջբերելով Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդագրությունը, որը հաջորդել է ի պատասխան Թրամփի մեղադրանքների և այն հայտարարության, թե ԱՄՆ-ն դա չի մոռանա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան հրաժարվել են իրենց օդային տարածքը տրամադրել ռազմական բեռով ամերիկյան ինքնաթիռներին, որոնք մասնակցում են Իրանի դեմ պատերազմին։
Ելիսեյան պալատում նշել են, որ օդային տարածքի տրամադրման հարցում Փարիզը չի փոխել իր դիրքորոշումը հակամարտության առաջին իսկ օրվանից:
Հեռուստաալիքի ռեպորտաժում հստակեցվում է, որ Ֆրանսիան թույլ է տալիս մարդասիրական և ոչ ռազմական լոգիստիկ օդային չվերթերը, ինչպես նաև զուտ պաշտպանական գործողություններ իրականացնող պարեկային ստորաբաժանումների տեղափոխումը: Արգելվում է հրթիռների և այլ հարձակողական զինամթերքի տեղափոխումը:
Նշվում է, որ, հաշվի առնելով Իսպանիայի կառավարության նույնանման արգելքը` ամերիկյան ռազմական ինքնաթիռները չեն կարող Իսրայել թռչել Միջերկրական ծովով, այլ ստիպված են այնտեղ հասնել Գերմանիայի, Լեհաստանի և հարավարևելյան Եվրոպայի օդային տարածքով: Դրան ի պատասխան՝ Իսրայելը հայտարարել է ֆրանսիական սպառազինության գնումները դադարեցնելու մասին։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: