ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները վերանայելու անհրաժեշտություն կա՝ Իրանի դեմ գործողության հարցում դաշինքի առանձին երկրների դիրքորոշման ֆոնին։ Այս մասին նա հայտնել է «Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Այս ամենը պետք է վերանայվի»,-ընդգծել է Ռուբիոն՝ մեկնաբանելով այն, որ Իսպանիան հրաժարվել էր օդային տարածք տրամադրել գործողության իրականացման համար։
Ավելի վաղ El Pais թերթը հայտնել էր, որ Մադրիդը փակել է իր օդային տարածքն Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողության մեջ ներգրավված ինքնաթիռների համար։ Ընդ որում, մուտքը հնարավոր է միայն բացառիկ դեպքերում, այդ թվում՝ արտակարգ իրավիճակներում։
Ռուբիոն նաև կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի միջև փոխգործակցության ներկայիս ձևաչափի նպատակահարմարությունը։ Նրա խոսքով՝ եթե դաշինքը ենթադրում է միայն Եվրոպայի պաշտպանություն Վաշինգտոնի կողմից, բայց միևնույն ժամանակ սահմանափակում է հասանելիությունը ռազմական ենթակառուցվածքներին, ապա Միացյալ Նահանգների համար հարցեր են առաջանում նման գործընկերության շահավետության վերաբերյալ։
Մարտի սկզբին Իսպանիայի իշխանությունները դատապարտել էին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունները՝ հայտարարելով, որ դրանք չեն համապատասխանում միջազգային իրավունքի նորմերին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հավանական է համարել Իսպանիայի նկատմամբ տնտեսական միջոցառումների կիրառումը` ներառյալ առևտրային հարաբերությունների վերանայումը, չի բացառել նաև այդ երկրում ԱՄՆ ռազմական ներկայության փոփոխությունը՝ Իրանի դեմ գործողությանը սատարելուց Մադրիդի հրաժարվելու ֆոնին։