ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Ռազմական գործողությունների այս 31 օրվա ընթացքում Իրանն ԱՄՆ–ի հետ որևէ բանակցություն չի վարել։ «X» սոցիալական ցանցում այս մասին գրել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Նա տեղեկացրել է, որ պաշտոնական Թեհրանն ավելի վաղ ԱՄՆ–ից բանակցությունների և առաջարկների հարցում էր ստացել միջնորդների, այդ թվում՝ Պակիստանի միջոցով:
«Մեր դիրքորոշումը շատ պարզ է։ Այժմ, երբ ԱՄՆ–ի ռազմական ագրեսիան շարունակվում է նոր թափով, մենք մեր բոլոր ջանքերն ու եռանդը ուղղում ենք Իրանի ժողովրդի պաշտպանությանը: Մենք արդեն բախվել ենք նման իրավիճակների, և մենք չենք մոռանա դիվանագիտական այն դավաճանությունը, որը երկու անգամ տեղի ունեցավ մեկ տարվա ընթացքում»,– գրել է դիվանագետը:
Ավելի վաղ Բաղային նշել էր, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների փորձն Իրանի համար աղետալի է։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: