ՌԴ–ն դատապարտել է անհայտ ԱԹՍ–ի հարձակումը Իրաքյան Քրդստանում

Հարձակումն ուղղված է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի հետևանքով հրահրված, իր մասշտաբներով ու կործանարարությամբ աննախադեպ ռազմաքաղաքական ճգնաժամի աշխարհագրական շրջանակների հետագա ընդլայնմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. Ռուսաստանը վճռականորեն դատապարտում է անհայտ անօդաչու թռչող սարքի հարվածը Իրաքյան Քրդստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի նստավայրին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ տվյալ հարձակումն ուղղված է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի հետևանքով հրահրված, իր մասշտաբներով ու կործանարարությամբ աննախադեպ ռազմաքաղաքական ճգնաժամի աշխարհագրական շրջանակների հետագա ընդլայնմանը։
«Վճռականորեն դատապարտում ենք այս գործողությունը, որի կազմակերպիչների նպատակը ճգնաժամի աշխարհագրական շրջանակների հետագա ընդլայնումն էր»,-ասված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված մեկնաբանության մեջ։
Մոսկվան նաև կոչ է անում Պարսից ծոցում Իրանի շուրջ ընթացող հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ ոչ ռազմական օբյեկտներին հարվածելուց։
«Հաստատակամորեն և հետևողականորեն կոչ ենք անում հակամարտության բոլոր մասնակիցներին զերծ մնալ ոչ ռազմական թիրախների վրա ցանկացած հարձակումից»,- ընդգծել է Զախարովան։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: