Պարսից ծոցի երկրներին ուրիշի պատերազմի մեջ ներքաշելն անընդունելի է. Լավրով

Լավրովը գործընկերների ուշադրությունը հրավիրել է արդեն մի քանի տարի Ռուսաստանի կողմից առաջ քաշվող հայեցակարգի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Հակամարտության կարգավորումը, որի բուն պատճառը Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սանձազերծած և անիմաստ ագրեսիան է, հնարավոր է բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով՝ տարածաշրջանի բոլոր պետությունների օրինական շահերը անվերապահ հաշվի առնելով: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրոն այս մասին ասել է Բահրեյնի, Քուվեյթի, Օմանի, Սաուդյան Արաբիայի, Կատարի, ԱՄԷ-ի և Հորդանանի գործընկերների հետ տեսակոնֆերանսի ժամանակ:
Նա նշել է, որ Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք ավերածություններ ու տառապանքներ են բերում խաղաղ բնակչությանը:
Մոսկվան հաստատել է արաբական գործընկերների հետ սերտ համակարգումը պահպանելու իր հանձնառությունը` նպատակ ունենալով նպաստել պատերազմի շուտափույթ դադարեցմանը և թույլ չտալ հակամարտության աշխարհագրության ընդլայնումը: Կարևորվել է Մերձավոր Արևելքում երկարաժամկետ կայունության հաստատման նպատակով տարածաշրջանի բոլոր երկրների միջև փոխգործակցության հստակ մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը:
Լավրովն անընդունելի է համարել արաբական միապետություններին ուրիշի պատերազմի մեջ ներքաշելը և նրանց քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ էներգետիկ և այլ կենսական նշանակություն ունեցող օբյեկտների վրա հարձակումը։
Այս կապակցությամբ Լավրովը գործընկերների ուշադրությունը հրավիրել է արդեն մի քանի տարի Ռուսաստանի կողմից առաջ քաշվող՝ Պարսից ծոցի գոտում հավաքական անվտանգության ապահովման հայեցակարգի վրա, որն ուղղված է աշխարհի համար ռազմավարական նշանակություն ունեցող այդ տարածաշրջանի բոլոր պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների պահպանմանը:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: