ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) մեկ խաղաղապահ զոհվել է, ևս մեկը` ծանր վիրավորում ստացել երկրի հարավում գտնվող դիրքերից մեկի մոտ արկի պայթյունի հետևանքով։
«Արկի ծագման մասին տեղեկություններ չունենք։ Հետաքննություն ենք սկսել միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար», - ասվում է UNIFIL–ի հայտարարության մեջ։
Ինդոնեզիայի ԱԳՆ–ն հայտարարել է, որ զոհված խաղաղապահը երկրի քաղաքացի էր։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է միջադեպը, որը տեղի է ունեցել «Իսրայելի և «Հզբոլլահի» միջև մարտական գործողությունների ժամանակ։
«Կոչ եմ անում բոլորին միջազգային իրավունքի համաձայն կատարել իրենց պարտավորությունները և ապահովել ՄԱԿ-ի անձնակազմի և գույքի անվտանգությունը ցանկացած պահի», – X սոցցանցում գրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկրի հարավում Իսրայելի կողմից հասցված հարվածի հետևանքով լիբանանցի երեք լրագրողներ են զոհվել։