Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին . Արխիվային լուսանկար
Աբբաս Արաղչին ներկայացրել է նեղուցով երթևեկությունն արգելափակելու վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հաղորդում է «Tasnim» գործակալությունը:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ժան-Նոել Բարոյի հետ զրույցում հայտարարել է, որ տարածաշրջանում անկայունության հիմնական պատճառն Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիան է:
«Ջրային երթուղին փակ է Իրանի դեմ ռազմական ագրեսիային մասնակցող կողմերի նավերի համար, և այդ որոշումը կայացվել է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա՝ նպատակ ունենալով կանխել Իրանի դեմ անօրինական հարձակումների համար Հորմուզի նեղուցով ագրեսորների չարաշահումները։ Ընդ որում, այլ երկրների նավերի տեղաշարժն իրականացվում է Իրանի իրավասու մարմինների համաձայնությամբ», - նշել է Արաղչին։
Ֆրանսիացի նախարարն իր հերթին վերահաստատել է հակամարտության սրման և քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածելու դեմ Փարիզի դիրքորոշումը: Նա նաև մտահոգություն է հայտնել տարածաշրջանում, այդ թվում՝ Լիբանանում իրավիճակի սրման կապակցությամբ ու ընդգծել է պատերազմն ավարտելու և տարածաշրջանին կայունություն վերադարձնելու համար քաղաքական ու դիվանագիտական ջանքերի ուժեղացման անհրաժեշտությունը: