ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիմնական ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության (CHP) առաջնորդ Օզգյուր Օզելից ավելի քան 11 հազար դոլարի բարոյական վնասի բռնագանձման հայց է ներկայացրել: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի փաստաբան Հուսեյն Այդինը։
Ավելի վաղ «Habertürk» հեռուստաալիքը հայտնել էր, որ Անկարայի դատախազությունը հետաքննություն է սկսել Օզելի նկատմամբ՝ Քուշադասիում հանրահավաքի ժամանակ նրա հայտարարությունները որակելով որպես վիրավորանք հանրապետության նախագահին:
«2026 թվականի մարտի 29-ին Այդին նահանգի Քուշադասի շրջանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ CHP-ի գլխավոր նախագահ Օզգյուր Օզելի ելույթում հարգարժան նախագահի հասցեին հնչած անտեղի արտահայտությունների և անհիմն մեղադրանքների կապակցությամբ Անկարայի քաղաքացիական գործերով առաջին ատյանի դատարան հայց է ներկայացվել 500 հազար թուրքական լիրայի (11,3 հազար դոլար փոխարժեքով) չափով բարոյական վնասի բռնագանձման վերաբերյալ։ Բացի այդ, Անկարայի գլխավոր դատախազությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել որպես նախագահի հասցեին վիրավորանք», - գրել է Այդինը «X» սոցցանցում։
Թուրքիայի նախագահին վիրավորելը քրեական հանցագործություն է, որը պատժվում է 1-4 տարի ազատազրկմամբ, իսկ հրապարակային վիրավորելու դեպքում ժամկետը կարող է ավելացվել 1/6-րդով. գործի հարուցման համար պահանջվում է արդարադատության նախարարության թույլտվությունը։
Ավելի վաղ Էրդողանի փաստաբանը հայտնել էր, որ բարոյական վնասի հայցերով բռնագանձված գումարները փոխանցվել են բարեգործության նպատակով: