ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. ԵԱՏՄ երկրները եվրասիական տրանսպորտային միջանցքների ձևավորման համար կսինխրոնացնեն արագընթաց ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացումը։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այս մասին հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը։
Առաջիկա Միջազգային տրանսպորտային-լոգիստիկ համաժողովի օրակարգի թեմաներից մեկը կլինի ԵԱՏՄ արագընթաց ավտոճանապարհների, այդ թվում՝ վճարովի ճանապարհների ցանցի կառուցումը։
«Մենք ԵԱՏՄ մեր գործընկերների հետ հասկանում ենք եվրասիական տրանսպորտային միջանցքների ենթակառուցվածքների տեխնոլոգիական համատեղելիության ապահովման անհրաժեշտությունը։ Համաժողովի շրջանակում «հնգյակի» նախարարները ապրիլի 1-ին նախատեսում են հաստատել անձնագրերը, թիրախային ցուցանիշներն ու պահանջները, որոնք հիմք կդառնան հետագա ինտեգրման համար»,-ասել է Նիկիտինը։
Նախարարը հավելել է, որ արագընթաց ճանապարհների շինարարական գրաֆիկները կհամակարգվեն եվրասիական միջանցքներով երթևեկությունը միաժամանակ գործարկելու համար։
Միջազգային տրանսպորտային-լոգիստիկ համաժողովն առաջին անգամ է անցկացվելու։ ՌԻԱ Նովոստին 2026 թվականի ապրիլի 1-3-ը Սանկտ Պետերբուրգում կայանալիք համաժողովի գլխավոր տեղեկատվական գործընկերն է։