ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Այսօր՝ մարտի 30-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Կա մեկ զոհ, մեկ վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 09:10-ի սահմաններում «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Երասխի կարցևոյում»՝ արագաչափի հարևանությամբ, բախվել է «Նիսան Տիդա», «Մերսեդես», «Օպել», «Տոյոտա Ռավ 4» մակնիշի ավտոմեքենաներին և ավտոքարշակին»,–գրում է կայքը։
Բախումից հետո «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Վթարի հետևանքով 2 տուժած տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն, որոնցից մեկը մահացել է` գիտակցության չգալով։
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, վիրավորի և մահացածի ինքնությունը։
Կայքը գրում է, որ բացի «ԿամԱԶ»-ից բոլոր ավտոմեքենաները եղել են կայանված, և նրանց մի մասը վերածվել է մետաղե ջարդոնի։