ԱՄՆ–ի և Իսրայելի ձախողված պլանը. ինչ սպասել պատերազմի ընթացքից

Թել Ավիվը իրանական հարվածներից հետո
Իրանին հասցվող զանգվածային հրթիռառումբային հարվածների մարտավարությունը չի լուծել ամերիկա-իսրայելական տանդեմի ռազմավարական խնդիրներից և ոչ մեկը, նշում է Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը։
Sputnik
Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ի և Իսրայելի հակաիրանական պատերազմը փաստացի այնքան էլ չստացվեց այն ծրագրով, ավելի ճիշտ՝ բոլորովին չստացվեց այն ծրագրով, որն Իրանի վրա հարձակման սկզբում դրված էր ամերիկա-իսրայելական տանդեմի ռազմավարության հիմքում։ Եվ եթե մի կողմ թողնենք պայմանականությունները, ապա ԱՄՆ-ն ու Իսրայելն այսօր տենդագին կերպով միջոց են փնտրում, որպեսզի կարողանան դուրս գալ այս իրանական «փոսից», որի մեջ ինքնակամ նետվել են «սպիտակ տիրոջ» ինքնավստահությամբ։
Զուտ հոգեբանական տեսանկյունից ամերիկացիների և իսրայելցիների գործողությունները հասկանալի են, քանի որ վերջին քառասուն տարվա ընթացքում Մերձավոր Արևելքում նրանց բոլոր գործողությունները անպատիժ են մնացել։ Եվ նույնիսկ Աֆղանստանից ամերիկացիների խայտառակ փախուստը չդարձավ այն սթափեցնող գործոնը, որը թույլ կտար նրանց ադեկվատ գնահատել Իրանի ներուժը։
Ըստ էության, ունենք մի իրավիճակ, երբ զանգվածային հրթիռառումբային հարվածների մարտավարությունը կամ Իրանի այսպես կոչված «հրային հարթեցումը» (fire ramming) չլուծեց ամերիկա-իսրայելական տանդեմի ռազմավարական խնդիրներից և ոչ մեկը։
Օրինակ՝ չեզոքացվե՞լ է արդյոք իրանական միջուկային (և հրթիռային) ծրագիրը, որը, գոնե ձևականորեն, հենց պատերազմի պատճառն էր։
Իրանի միջուկային ծրագիրը, ինչպես և հրթիռայինը, պահեստները, լաբորատորիաներն ու անգարները չեն։ Դա նախևառաջ պետական համակարգն է, որը նույնիսկ բոլոր ցնցումներից հետո պահպանում է արագ վերականգնվելու ներուժը։ Այնպես որ այս հարցի պատասխանը միանշանակ է՝ ոչ։
Այսինքն՝ այստեղ արդեն մինուս կա։
Իսկ ի՞նչ կա իրանական ռեժիմի փոփոխությունից, որի վրա այդքան մեծ հույս էին դրել Վաշինգտոնն ու Թել Ավիվը։
Ամերիկացի և իսրայելցի ստրատեգների հաշվարկը ամաչելու չափ պարզ էր․ վերացնել Իրանի բարձրագույն ղեկավարությանը, այսինքն՝ «գլխատել» երկիրը, այնուհետև ռեժիմից դժգոհ իրանցիներին դուրս բերել զանգվածային հանրահավաքների և իշխանության արագ փոփոխություն կատարել։
Բայց այստեղ էլ չստացվեց։ Իրանցիները ճիշտ հակառակ արձագանքը տվեցին։ Նույնիսկ իրանական հասարակության ամենաընդդիմադիր խմբերը միանգամից, առանց վերապահումների, համախմբվեցին երկրի ղեկավարության շուրջ, որի հրաժարականը, ի դեպ, նրանք պահանջում էին ընդամենը մի քանի ամիս առաջ։
Իրանի ռազմական, հոգևոր և քաղաքական էլիտայի ապակենտրոնացված և ցանցային կառուցվածքը լիովին բացառում է երկրում կառավարման կառույցների կաթվածահար լինելը։
Իրանական թակարդ «ամերիկյան բազեի» և «իսրայելական աղվեսի» համար. պատերազմը շարունակվում է
Հույսը ազգային փոքրամասնությունների ապստամբության վրա՞ էր։
Ամերիկացիների մի հույսը էթնիկ բաղադրիչն էր։ Ծրագրվում էր, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից անմիջապես հետո կակտիվանան քրդական, բելուջական և թյուրքական (այսպես կոչված՝ ադրբեջանական) անջատողական խմբավորումները, և փաստացի պետք է սկսվեր հակամարտության «սիրիականացումը»՝ Իրանի հետագա մասնատմամբ։
Ի դեպ, Իրանի մասնատումը կանխատեսել էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, երբ իր հարցազրույցներից մեկում հայտարարեց, որ պատերազմից հետո Իրանի սահմաններն առաջվանը չեն լինի։
Այս կոնֆիգուրացիայում առանձնահատուկ տեղ ունի Ադրբեջանը, որը, լինելով Իսրայելի մինյոնը տարածաշրջանում, անկասկած պետք է ցանկանար խառնաշփոթի մեջ զավթել իրանական տարածքի մի մասը։ Բայց նույնիսկ Ադրբեջանը կարողացավ հաշվարկել, որ տվյալ փուլում Իրանի հետ ուղիղ հակամարտության մեջ մտնելը վտանգավոր է, և սահմանափակվեց Իսրայելի ու ԱՄՆ-ի գործողություններին անուղղակի աջակցություն ցուցաբերելով։
Հակամարտության տեղայնացումը Իրանի տարածքո՞ւմ։
Այստեղ նույնպես ամերիկացիների և իսրայելցիների մոտ լիակատար ձախողում է։ Իրանին հաջողվեց, ըստ էության, լոկալ հակամարտությունը վերածել տարածաշրջանային պատերազմի և համաշխարհային տնտեսական խնդրի։ Դա նույն ամերիկացիներին ստիպեց նույնիսկ հանել իրանական նավթի դեմ սահմանված պատժամիջոցների մի մասը, որպեսզի համաշխարհային տնտեսությունը դեպրեսիայի մեջ չհայտնվի։
Ի՞նչ անել։
Հենց այս հարցն է հիմա առանցքային դարձել։
Եզրակացությունն ընդամենը մեկն է՝ Թրամփն ու Նեթանյահուն չեն կարող երկար շարունակել նույն ոգով և նույն տեմպերով։
Միևնույն ժամանակ, ամերիկացիներն ու իսրայելցիներն այս փուլում չեն կարող դադարեցնել պատերազմը, քանի որ դա կվերածվի համակարգային քաղաքական ճգնաժամի ԱՄՆ-ում և Իսրայելում։ Հիշենք բազմամիլիոնանոց հանրահավաքներն ԱՄՆ-ում և բողոքի ցույցերը Իսրայելում, որոնք տեղի ունեցան 2026 թվականի մարտի 26-ից 29-ը։
Մնում է «դուռը բարձր շրխկացնելու» տարբերակը, օրինակ՝ հակաիրանական տանդեմի սահմանափակ ցամաքային գործողության տեսքով։ Բայց այստեղ ռիսկերը հսկայական են, և ամերիկացիներն ու իսրայելցիները շատ բան են դնում կշեռքի նժարին։
Իրանն արդեն, ըստ նախնական տվյալների, մոբիլիզացրել է ավելի քան մեկ միլիոն մարդու։ Այնպես որ «Էփշտեյնի կոալիցիայի» (այսպես են իրանցիներն անվանում ամերիկյան և իսրայելական զորքերը) արշավային կորպուսը դատապարտված է ոչնչացման, եթե, իհարկե, ամերիկա-իսրայելական տանդեմը որոշի գնալ լայնածավալ ցամաքային գործողության։
Կարծում եմ, որ հույսը կա՛մ Հորմուզի նեղուցի մոտակայքում գտնվող իրանական կղզիներից մեկը գրավելն ու պահելն է, կա՛մ կետային դեսանտային գործողությունները՝ հարստացված ուրանի պաշարները զավթելու փորձով։
Բայց նորից ասենք «բայց». եթե մենք ենք հասկանում հակամարտության դինամիկան, ապա իրանցիներն առավել ևս դա հասկանում են և պատրաստվում։
Ամեն դեպքում, շատ քիչ ժամանակ է մնացել, և մենք շուտով կհասկանանք, թե որ ուղղությամբ կշարժվի գործընթացը։
Պատերազմը շարունակվում է. համաշխարհային տնտեսության «իրանական փակուղին»