ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնելու համար. Ռուբիո

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը նշել է, որ Միացյալ Նահանգները մտադիր են Իրանում իրենց նպատակներին հասնել շաբաթների, այլ ոչ թե ամիսների ընթացքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին Հորմուզի նեղուցով նավերի անցման համար վճար գանձել, և նախագահ Դոնալդ Թրամփը մի շարք տարբերակներ ունի դա թույլ չտալու համար։ Այս մասին հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ Թեհրանն իբր սպառնում է անժամկետ վերահսկողություն սահմանել նեղուցի նկատմամբ և նավերի անցման համար վճարների համակարգ ներդնել։
«Դա թույլ չենք տա։ Նախագահն իրեն հասանելի մի շարք տարբերակներ ունի, եթե որոշի թույլ չտալ, որ դա տեղի ունենա»,-ասել է Ռուբիոն ABC հեռուստաալիքի առավոտյան եթերում։
Միևնույն ժամանակ պետքարտուղարը հրաժարվել է բացահայտել, թե կոնկրետ ինչ միջոցառումներ է դիտարկում Վաշինգտոնը։ Նա ընդգծել է, որ չի քննարկի ռազմական մարտավարությունը, իսկ նման հարցերը պետք է ուղղել ԱՄՆ պաշտպանության նախարարությանը։
Ռուբիոն նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր են հասնել իրենց նպատակներին «շաբաթների, այլ ոչ թե ամիսների ընթացքում»։
Ըստ նրա՝ Վաշինգտոնն անընդունելի է համարում այն իրավիճակը, երբ Իրանը պետք է որոշի, թե ով կարող է անցնել միջազգային ջրային ճանապարհով։