Թե ինչպես էր Ադրբեջանի պաշտպանության նախարարը գրկախառնվում հայ պատգամավորի հետ

Sputnik
Երևանից Բաքու և հակառակ ուղղությամբ խաղաղարար-պատվիրակների այցերը, հայկական բազմաթիվ ԶԼՄ-ների կարծիքով, դեկորատիվ բնույթ են ունեն և Երևանում «թթու» արձագանք են առաջացնում։ Դատելով ադրբեջանական մամուլի հրապարակումներից՝ նմանատիպ ճամփորդություններին չեն ծափահարում նաև Բաքվում։ Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը հիշում է 1990-ականների սկզբի մի այդպիսի «խաղաղարար նախաձեռնության» մասին։
Թեյ կամ սուրճ խմելով միմյանց աչքերի մեջ նայելը, բնականաբար, ավելի լավ է, քան դիպուկահար հրացանի օպտիկայի միջով նայելը. հարցն այն է, որ մերձեցման գործընթացը ցուցադրական չլինի։ Հայաստանի և Ադրբեջանի պարագայում առայժմ հենց դա է տեղի ունենում։
Ըստ էության, Նիկոլ Փաշինյանն առաջինը չէ, որ ձեռք է մեկնել Բաքվին և այնտեղից պատասխան ձեռքսեղմում չի ստացել։ Առաջինն Աշոտ Բլեյանն էր, որին այսօր քչերն են հիշում, ուստի փոքրիկ պարզաբանում է պետք։
Լևոն Տեր-Պետրոսյանի դարաշրջանի պատգամավոր, նույն շրջանի կրթության նախարար, Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ղեկավար և նույնիսկ Հայաստանի նախագահի թեկնածու, որը, ճիշտ է, այդպես էլ չհասավ երկրի գլխավոր աշխատասենյակի դռանը։
Այդ տարիներին քաղաքական կրքերը եռում էին թե՛ Երևանում, թե՛ Բաքվում։ Մոսկվայի բարձրաստիճան ներկայացուցիչը՝ խաղաղարար (առանց որևէ սարկազմի) Արկադի Վոլսկին, երկու կրակի արանքն ընկած, ամեն կերպ փորձում էր մարել հրդեհը, բայց, ինչպես ասում են, ինչ լինելու է՝ կլինի։ Կողք կողքի ապրող ժողովուրդների միջև ատելությունը հասել էր այն կետին, երբ արդեն հնարավոր չէր պատկերացնել, որ մի հարևանը չի ձգտի մյուսին աշխարհից վերացնել կամ կգիտակցի աշխարհին «ով առաջինը սկսեց»-ը բացատրելու անիմաստությունը։
Մեր տագնապի գարունը. ո՞ւր է տանում Փաշինյանի «ուրախ ավտոբուսը»
Ժողովուրդներին եթե ոչ հաշտեցնելու, ապա գոնե արյունահեղությունից զերծ պահելու փորձերը հսկայական էին, բայց բոլորը՝ ապարդյուն, բոլորը՝ թիրախից շեղված, թիրախին խփելու ակնարկ անգամ չկար։ Ահա այս, առանց չափազանցության, բախտորոշ ժամանակաշրջանում Հայաստանը գլուխը բռնեց և հայացքն ուղղեց Բլեյանին։
Ղարաբաղյան շարժման ամենաթեժ պահին Հայաստանի ապշած հասարակությունը հանկարծ իմացավ Բաքու մեկնելու նրա մտադրության մասին՝ եթե ոչ մեկ հարվածով թշնամի երկրներին հաշտեցնելու, ապա գոնե դիրքորոշումները մոտեցնելով բանակցությունների դրդելու նպատակով։
Եվ Բլեյանը ճանապարհ ընկավ։ Բաքվում նույնպես խիստ զարմացան, սակայն թշնամու ճամբար կամավոր ներկայացած օտարերկրացուն մահապատժի չենթարկեցին։ Իսկ Երևանում նրան անմիջապես «պարտվողականի» և «պացիֆիստի» կարգավիճակ տվեցին։ Մոտավորապես այնպես, ինչպես այսօր անվանում են փաշինյանական իշխանության կորիզին, որն ամեն հարցում անխտիր զիջում է Բաքվին, մինչդեռ Ադրբեջանը պահանջում է առավելագույնը և իր կողմից ոչ մի զիջման չի գնում։
-Պարոն Բլեյան, 1992 թվականին դուք եկաք Բաքու և ելույթ ունեցաք Միլլի Մեջլիսի պատգամավորների առջև։ Ինչո՞վ էր հիմնավորված այդ քայլը, և ի՞նչ էիք ուզում հասցնել ադրբեջանցի խորհրդարանականների և ադրբեջանցի ժողովրդի ուշադրությանը»,-հարցրել էին անկոչ հյուրին բաքվեցի լրագրողները։
- Այո՛, ես եկել էի Բաքու այդ ծանր տարիներին։ Դա 1992-ի նոյեմբերի սկզբին էր։ Հարևան մայրաքաղաքում շատերը, իհարկե, սկսեցին վատ բան կասկածել, կարծում էին, թե Բլեյանը, լինելով ՀՀՇ-ի (Հայոց համազգային շարժում. խմբ․) անդամ, ավանտյուրա է սկսել։ «Գուցե նա լրտե՞ս է, Մոսկվայի ձեռքը»,- մտածում էին նրանք։ Չէ՞ որ ես մեն–մենակ էի եկել Բաքու։ Այն ժամանակ լռություն էր, հաշտվելու իսկական ժամանակ։ Ճիշտ պահն էր որոշելու՝ պատերա՞զմ, թե՞ խաղաղություն։ Իսկ խաղաղության պոտենցիալն իսկապես կար»,-լրագրողներին անկեղծորեն բացատրում էր Բլեյանը։
Ի հավելումն ասվածի՝ 1992 թվականին Ազգային ժողովի ավելի քան 60 պատգամավոր սատարել էր Բլեյանի խաղաղարար մղմանը, սակայն հետագայում բոլորը հրաժարվեցին իրենց ստորագրություններից։
Իսկ հիմա մի փոքր լիրիկա. «Նույնիսկ պաշտպանության նախարար Մամեդովն ինձ ընդունեց որդու պես և ասաց. «Անգամ եթե քո այցից արդյունք չլինի, միևնույնն է, քո գալն օրինակ կծառայի ապագա սերունդների համար»։ Դե, ինչպես գիտեք, կողմերն ընտրեցին պատերազմը։ Արդյունքն ակնհայտ է։
Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայրական ջերմությունն առանձին հետազոտության առարկա է, ամեն դեպքում Բլեյանը պետք է վերադառնար, և ահա թե ինչ էր սպասում նրան տանը։
«Ինձ անմիջապես դատավճիռ կայացրին, հայտարարեցին դավաճան և սկսեցին վիրավորել։ Երևանի շենքերի պատերին անունս էին գրում, հայհոյում էին, վիրավորում ընտանիքիս անդամներին։ Զարմանում եմ, թե ինչպես ինձ հաջողվեց ողջ մնալ»,-պատմում էր դժբախտ խաղաղարարը։
Ձեռքերը ծալած չէին նստել նաև իրավապահ մարմինները։
«1999 թվականին շինծու նյութերի հիման վրա ինձ բանտ նստեցրին։ Ավելի լավ ի՞նչ կարող էին մտածել, քան ինձ հափշտակությունների և կոռումպացվածության մեջ մեղադրելը։ Դա դասական տարբերակ է։ Եվ միայն ճաղերի հետևում իմ հայտնվելուց հետո Հայաստանում իրավապաշտպանության լուրջ, հզոր ինստիտուտ հայտնվեց։ Ընկերներս օգնեցին ինձ դիմանալ, նրանք պաշտպանեցին իմ իրավունքները, ցույցեր կազմակերպեցին ի պաշտպանություն ինձ»,- հիշում էր Աշոտ Բլեյանը։
Կոռումպացվածության մեղադրանքների հարցում Բլեյանը ճիշտ էր, ամեն ինչ կրկնվում է․ եթե պետք է հակառակորդներից որևէ մեկին հեռացնել ճանապարհից, ավելի լավ օգնական չես գտնի, քան իշխանությանը ծառայող դատավորներն ու քննիչներն են։
Անցած տարիներից վերադառնանք մեր օրեր։ Խաղաղության և բարեկամության մասին Փաշինյանի կրքոտ մեսիջներին Բաքուն պատասխանում է զուսպ, խիստ, երբեմն էլ՝ բացահայտ արհամարհանքով։ Ալիևը մերժեց Երևան գալու հրավերը՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար. ավելի կարևոր գործեր ունի։
«Այսօր դժվար է պատկերացնել Փաշինյանի այցն Ադրբեջան, բայց մենք գնում ենք այդ ճանապարհով։ Մի օր դա տեղի կունենա»,- իր խորունկ հույսն է հայտնում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Միաժամանակ չկա ավելի հեշտ բան, քան պատկերացնել (առայժմ՝ վիրտուալ) Նիկոլ Փաշինյանին Կասպից ծովի ափերին. կեցվածքը՝ խոնարհ, ձայնը՝ երկյուղած, հայացքը՝ աղերսող։
Աշոտ Բլեյանի և ադրբեջանցի լրագրողների զրույցից.
Հարց: Կցանկանայի՞ք ևս մեկ անգամ այցելել Ադրբեջան։
Պատասխան: Գիտեք` ես քանի տարի սպասում եմ, բայց այդպես էլ հերթական անգամ Բաքվում լինելու հրավեր չեմ ստանում։ Ես շատ կցանկանայի այցելել Բաքվի դպրոցներ, խոսել ձեր դպրոցականների հետ, նրանց հետ թերթել ադրբեջանական դասագրքերը։
Սպասեք…