ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Իրանի զինված ուժերն իրականացրել են «Ճշմարիտ խոստում 4» գործողության 86-րդ ալիքը՝ հարձակվելով ամերիկյան բազաներում գտնվող ենթակառուցվածքների և զինապահեստների, ինչպես նաև ԱՄՆ-ի, Իսրայելի զորքերի և Իրանի կառավարությանը ընդդիմադիր «Կոմալա» կուսակցության դիրքերի վրա: Այս մասին հայտնում է ԻՀՊԿ մամուլի ծառայությունը։
«Այս գործողության առաջին փուլում հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարված են հասցվել օպերատիվ ենթակառուցվածքներին (որոնք կապված են ՌՕՈւ-ի հետ - խմբ.) և ԱԹՍ-ների, ինչպես նաև ամերիկյան «Վիկտորիա», «Արիֆջան» և «Փրինս Սուլթան» բազաների զենքի պահեստներին», - ասվում է հայտարարության մեջ։
ԻՀՊԿ-ի տեղեկություններով՝ գործողության հաջորդ փուլերի ընթացքում հարվածների են ենթարկվել նաև ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի կառավարությանը ընդդիմադիր «Կոմալա» կուսակցության դիրքերը իսրայելական Արադում, Նեգևում, Թել Ավիվում և իրաքյան Էրբիլում, ԱՄԷ-ում ամերիկյան Ալ Դաֆրա ռազմաբազան և ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմը:
Հայտարարությունից հետևում է, որ 86-րդ ալիքը նվիրված է եղել լիբանանցի զոհված լրագրողներ Ալի Շահեյբին, Ֆաթիմա Ֆթունիին և Մուհամմադ Ֆթունիին, ինչպես նաև 1980-1988թթ. իրանա-իրաքյան պատերազմի և այժմ Մերձավոր Արևելքում ծավալված ռազմական գործողությունների ընթացքում զոհված քրիստոնյաներին:
Հիշեցնենք՝ լրագրողները զոհվել են Լիբանանի հարավում գտնվող Ջիզին շրջանում ավտոմեքենային իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: