ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. Երեխաների բուլինգի մասին լիարժեք օրենսդրություն Հայաստանը կունենա միայն 2027թ–ի ավարտին. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը։
2025 թվականի նոյեմբերին ընդունվեց «Երեխայի իրավունքների եվ երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքը, որով առաջին անգամ ամրագրվեց երեխային բուլինգի բոլոր տեսակներից պաշտպանելու և պետական մակարդակով բուլինգի դեմ պայքարելու անհրաժեշտությունը։ Բայց թե ինչպես պետք է դա իրականացվի, որ կառույցը ինչ պարտավորություն ունի, պետք է սահմանի արդեն կառավարությունը` համապատասխան ենթաօրենսդրական ակտերով, որոնց ընդունման վերջնաժամկետը 2027թ–ն է։
Իսկ մինչ գործադիրը զբաղված է նախագծերի մշակմամբ, դպրոցներում բուլինգը լայնորեն տարածվում է` երբեմն նաև ողբերգական ավարտ ունենալով երեխաների համար, ընդ որում, ինչպես բուլինգի ենթարկվողի, այնպես էլ ենթարկողի համար։
«Մենք ունենք զսպանակի տեսություն, որի համաձայն, եթե անընդհատ ինչ-որ մեկի նկատմամբ կիրառվում է բռնություն, որը հանգեցնում է որոշակի հոգեվիճակների փոփոխության, այդ ծանրությունը մի օր պայթում է, այսինքն՝ զսպանակը սեղմեցին, սեղմեցին, և այն մի պահի դուրս պրծավ։ Այդ դեպքում մենք ունենում ենք աֆեկտային ռեակցիաներ։ Բուլինգի ենթարկված երեխան, հոգեհուզական վիճակում, ծեծի է ենթարկում բուլերին, ընդհուպ, մարմնական ծանր վնասվածքներ կարող է պատճառել»,– նշում է մասնագետը` հավելելով, որ մարզերի որոշ դպրոցներում գրանցված վերջին դեպքերը հենց ճնշման ենթարկված երեխաների կողմից ճնշողին մարմնական վնասվածք պատճառելու մասին են։
Մեկ այլ դեպքում «զսպանակը» չի դիմանում ու կոտրվում է ճնշման տակ։ Երեխան դիմում է ինքնավնասման կամ ինքնասպանության։
Մանկական չարաճճիության հնարավոր ծանր հետևանքը, մասնագետի դիտարկմամբ, չեն գիտակցում ոչ միայն երեխաները, այլև շատ հաճախ նաև մեծահասակները։
Դավիթ Թումասյան
© Sputnik
«Օրինակ` բուլինգի ենթարկված երեխայի ծնողը դիմում է բուլինգ կատարողի ծնողին և ասում. «Քո երեխան այսպիսի բան է արել»։ Ծնողը փոխանակ ինչ-որ ձևով սաստի, փորձի կանխել հետագա զարգացումները, ասում է. «Դե, տղա են, իրենք էդ հարցը կլուծեն» կամ «Դուք զբաղվեք ձեր երեխայի դաստիարակությամբ, իմ երեխայի դաստիարակության հետ գործ չունեք»։ Երբեմն այդ ծնողների նման կեցվածքը հանգեցնում է նրան, որ երեխան սկսում է իրեն անպատժելի զգալ, մտածում է, որ ծնողը խրախուսում է իր այդ վարքագիծը։ Ավելին, երբեմն ծնողներն իրականում խրախուսում են այդ վարքագիծը`ասելով, որ ավելի լավ է ուրիշի երեխան լացի, քան իմը, կամ երեխային դրդում են խնդիրը լուծել մեկ այլ երեխայի «գլուխը ջարդելով»։ Այս ծնողներին միշտ պետք է հուշել, որ ճնշված երեխայի վարքագիծը կարող է անկանխատեսելի լինել»,– ասում է Թումասյանը։
Երկրորդ խնդիրը բուլինգի դեպքերի մասին ժամանակին չբարձրաձայնելն է, մասնագիտական օգնության չդիմելը, կամ Թումասյանի բնորոշմամբ` «ծածկադմփոցը»։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցի համաձայն՝ աշխարհում դեռահասների կեսը դպրոցում կամ դպրոցի տարածքում ենթարկվում է բռնության իրենց հասակակիցների կողմից։ Ծեծկռտուքներն ու բուլինգը խաթարում են 150 միլիոն դեռհասների կրթությունը։
Հայաստանի երեխաների շրջանում բուլինգի իրավիճակի վիճակագրություն չկա։
Մասնագետը նկատում է, որ հստակ ասել, թե երեխաների քանի տոկոսն է մեր երկրում բուլինգի ենթարկվում, շատ դժվար է։ Բայց որ այն խաթարում է երեխայի կրթական իրավունքի իրացումը և զարգացումը, փաստ է։
Բուլինգի կանխարգելման տարբերակների շարքում Դավիթ Թումասյանն առաջարկում է որոշակի սահմանափակումներ կիրառել համացանցի նկատմամբ` հատուկ տեխնոլոգիաների, ֆիլտրերի, ծրագրային ապահովման կիրառման միջոցով։
«Կա տեղեկատվություն, որը երեխային չպետք է հասանելի լինի։ Նման քայլեր նոր- նոր մեր պետությունը սկսում է իրականացնել, և հուսով եմ՝ գոնե արդյունավետ քայլեր կարվեն այդ ուղղությամբ։ Օրինակ, կան բազմաթիվ երկրներ, որտեղ «Տիկտոկը» կամ այլ նման կայքեր արգելված են երեխաների համար։ Քանի որ «Տիկտոկը» բաց տիրույթ է և ցույց է տալիս մարդկանց միջև տարբեր տեսակի շփումները, երեխաները շատ հաճախ այնտեղից վերցնում են բացասական տեղեկատվություն և սկսում են կիրառել։ Դրանք կարող են լինել տարբեր ֆլեշմոբեր, տարբեր «բաթլներ», որոնք կարող են հետաքրքրել երեխաներին։ Երեխաներ կան, ովքեր «Տիկտոկում» անգամ գումար են կարողանում վաստակել։ Այդ ընթացքում հնարավոր է նույնիսկ պահանջվի ինչ-որ մեկին բուլինգի ենթարկել, տեսանկարահանել, տարածել, իրենք կարող են անգամ գնալ այդ քայլին` չմտածելով, որ դա կարող է բավականին լուրջ հետևանքներ առաջացնել»,– նշում է մեր զրուցակիցը։
Բուլինգի դեմ պայքարը, իրավաբանի համոզմամբ, պետք է լինի բազմամասնագիտական։ Ոոստիկանությունը այս շղթայում վերջին մարմինն է։ Առաջնայինը պետք է լինեն կանխարգելիչ գործառույթներով օժտված մարմիններն ու ինստիտուտները։
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանի հետ զրույցն ամբողջությամբ կարող եք ունկնդրել տեսանյութում կամ De Jure հաղորդաշարի եթերում։