ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Թեհրանին ուղղված ամերիկա-իսրայելական հարվածի հետևանքով իրանահայերից մեկի տունը վնասվել է։ Այս մասին հայտնում է «Mehr»-ը:
Ըստ լրատվամիջոցի` մայրաքաղաքի կենտրոնին հարված է հասցվել մի քանի ժամ առաջ։ Զինամթերքը հարվածել է դիմացի շենքին, բեկորները կոտրել են պատուհաններն ու վնասել տղամարդու տունը։ Նրա խոսքով՝ բարեբախտաբար, այդ պահին տանը ոչ ոք չի եղել։ Տղամարդը նշել է, որ պատերազմը քրիստոնյա ու մուսուլման չի ճանաչում։
Գործակալությունը հայտնում է նաև, որ Սպահանում զոհված Հովհաննես Սիմոնյանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա մարտի 31–ի երեկոյան, իսկ հաջորդ օրը նա կհուղարկավորվի հայկական գերեզմանատանը:
Բացի այդ, իրանական Քերեջում 4–հարկանի շենք է ավերվել, զոհվել է 4 մարդ, այդ թվում՝ 7 տարեկան մի երեխա, Բորուջերդում պաշտոնապես կա 5 զոհ, սակայն թիվը կարող է աճել: «Mehr»-ը հայտնում է, որ Թեհրանում փլատակներից դուրս են բերել մի երեխայի, որը ողջ է մնացել։ Եվս երեք երեխա տուժել է:
Իսրայելն ու ԱՄՆ-ն հարձակվել են Իրանի հյուսիսում գտնվող Փարչին ռազմական համալիրի վրա։ Ըստ իսրայելական ԶԼՄ-ների՝ այնտեղ է գտնվում ԻՀՊԿ ստորգետնյա բազան։
Ի պատասխան առավոտյան ԻՀՊԿ-ն հարձակման նոր ալիք է սկսել՝ գործողությունն անվանելով Իրանի քաղաքացիական և արդյունաբերական ենթակառուցվածքներին հասցված հարվածների պատասխան: Հաղորդվում է, որ թիրախների մի մասը ոչնչացվել է ։
Մասնավորապես Իրանը հարվածել է Իսրայելի Բեյթ Շեմեշ արդյունաբերական գոտուն։ Իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ այդ շրջանում 11 մարդ է վիրավորվել։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: