ՄԱԳԱՏԷ–ն պետք է հստակ խոսի Իրանի օբյեկտների վրա հարձակումներից բխող վտանգի մասին. ՌԴ ԱԳՆ

Իրանի ատոմային օբյեկտների վրա հարձակումները կարող են հանգեցնել լայնածավալ ռադիոակտիվ աղտոտման։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) պարտավոր է ավելի հստակ խոսի Իրանի ատոմային օբյեկտների վրա հարձակումների հետևանքով առաջացող լուրջ սպառնալիքների մասին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ Իրանի ատոմային օբյեկտների վրա հարձակումները կարող են հանգեցնել լայնածավալ ռադիոակտիվ աղտոտման։
«Հուսով ենք` անմիջապես տեղում Իրանի իշխանություններից օբյեկտիվ տեղեկություններ ստանալով՝ ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրենը կկարողանա ագրեսորներին անհապաղ և հստակ փոխանցել մի պարզ միտք. «Ժամանակն է, որ կանգ առնեք։ Դուք արդեն հատել եք սահմանը, բայց հնարավորություն ունեք խուսափելու ավելի մեծ չարագործություններից, որպեսզի անմեղ զոհերի թիվը չբազմապատկվի և ողբերգությունը չվերածվի համաշխարհային աղետի»»,– նշել է Զախարովան։
Դիվանագետն ընդգծել է նաև, որ Իրանի խաղաղ ատոմային օբյեկտների վրա հարձակվող պետությունները խախտում են Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը, ՄԱԳԱՏԷ-ի ստուգման մեխանիզմները և միջուկային ու ֆիզիկական անվտանգության վերաբերյալ կոնվենցիաները։
«Մենք խստորեն դատապարտում ենք այս ապակառուցողական քաղաքականությունը, որն իրագործողները պետք է անհապաղ կանգ առնեն», - ասվում է Զախարովայի հայտարարության մեջ։
Մարտի 28-ի գիշերը Իսրայելն ու ԱՄՆ-ն արդեն երրորդ անգամ հարվածել են իրանական «Բուշեր» ԱԷԿ-ի տարածքին։ Նախնական տվյալներով՝ կայանը չի տուժել։ Ավելի վաղ՝ մարտի 27-ին, հարձակման էին ենթարկվել նաև Խոնդաբի ծանր ջրի համալիրը և Արդաքանի ուրանի հանքաքարի խտանյութի արտադրության գործարանը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: