ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Կանազ» մշակույթի տան հրդեհի գործով 3 կասկածյալ կա։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«ՆԳՆ համայնքային ոստիկանության և ԱԱԾ ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում մարտի 27-ին 3 անձ հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին, որոնք կասկածվում են մարտի 25-ին Ազատության պողոտայում գտնվող շինության ներսում գույք այրելու մեջ»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում:
Նախնական տվյալներով՝ 3 անչափահաս մտել են շենք, կիթառ նվագել, տաքանալու համար այրել են գույք, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Կատարվում է նախաքննություն։
Հիշեցնենք` մարտի 25–ին` ժամը 19։10–ի սահմաններում, «Կանազ» մշակույթի տան շենքում հրդեհ էր բռնկվել, դեպքի վայր էր մեկնել 12 մարտական հաշվարկ, հարակից շենքերի բնակիչները տարհանվել էին։
Հաջորդ օրը ՔԿ–ն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով)։